Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Փոստանջյանին. «Խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս աշխարհ, նստեք ձեր տեղը»

Հունիս 23,2015 12:15

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում լարված մթնոլորտ է: Պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ հայտարարությամբ են հանդես գալիս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատել է տալիս նրանց խոսափողները:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բողոքեց՝ չենք կարող ձեռքերս լվանալ ԱԺ-ում, բա ինչի՞ համար ենք կոչված մենք: Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Դա էդպես չի լինում: Հատուկ ընթացակարգ կա, որը խորհրդակցության ժամանակ կներկայացնեմ»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ «Նորմալ է, երբ իմ գործընկերները վարման կարգի վերաբերյալ կարծիք եւ դիրքորոշում են հայտնում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ: Մենք դատապարտում ենք եւ պահանջում ենք,որպեսզի շուտափույթ մեղավորները հրապարակային պատժվեն, որպեսզի ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը չտապալվի, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի խաղաղ գործունեություն իրականացնող լրագրողի հանդեպ բռնություն կիրառի: Մենք դատապարտում ենք»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Բոլորս ենք մտահոգ, մի թույլ տվեք, որ խոսափողն անջատեմ»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հորդորեց Գալուստ Սահակյանին մեկ րոպե լսել պատգամավորներին եւ կոչ արեց ստորագրահավաք կազմակերպել՝ արտահերթ նիստ հրավիրելու՝ կասեցնելու թանկացումները. «Որպեսզի զերծ մնանք ավելի լարվածություն ստեղծել առանց այն էլ վատ վիճակում գտնվող երկրում: Եկեք առաջին քայլն անենք, ինչո՞ւ չենք կարող արտահերթ նիստ հրավիրել մեր երկրում այն դեպքում, երբ մենք դատարկ, բազմաթիվ ոչինչ չասող նախագծերի համար մեկ շաբաթ է այստեղ նստած ենք»:

Գալուստ Սահակյանը առարկեց՝ չեմ կարծում, որ այստեղ որեւէ դատարկ նախագիծ է քննարկվել:

Ավելի ուշ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ փորձեց հայտարարություն անել կատարվածի մասին՝ ասելով, որ ոտնահարում են իր՝ ազատ խոսքի իրավունքը: Գալուստ Սահակյանն էլ, պնդելով, թե իր խոսքի ազատության իրավունքն ԱԺ-ում կանոնակարգված է՝ անջատեց ամբիոնի մոտ տեղադրված խոսափողը:

Զարուհի Փոստանջյանն առանց խոսափողների էլ պատգամավորների մոտ հայտարարություն արեց, իսկ Գալուստ Սահակյանը, լսելով նրան՝ արձագանքեց. «Խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս աշխարհ, նստեք ձեր տեղը»:

Տեսնելով, որ Զարուհի Փոստանջյանն անբռնազբոս իր հայտարարություններն է անում ամբիոնի մոտ, Գալուստ Սահակյանին օգնության հասան ՀՀԿ պատգամավորները, որոնք ձեռքերը թափահարելով՝ ամոթանք էին տալիս Փոստանջյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930