Այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնություն է ստանում վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացի Վահրամ Մուշեղյանը, որին բուժկենտրոն են տեղափոխել մոտ մեկ ժամ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնից, քանի որ հիվանդի վիճակը ծանր է եղել: Այս պահին տուժած քաղաքացուն ռենտգեն հետազոտություններ են անում:
Aravot.am-ի տեղեկություններով, Վահրամ Մուշեղյանը, ճիշտ է, գիտակցություն ունի սակայն, ոչինչ չի հիշում, թե նրան որտեղից են բերել: Տուժած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել գանգուղեղային վնասվածքով:
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացին էլ արդեն դուրս է գրվել, քանի որ եղել է թեթեւ վնասվածքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին «Էրեբունի» հիվանդանոցից:
Առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են տեղափոխվել եւ շարունակում են բուժօգնություն ստանալ 8 քաղաքացի, որոնք թեթեւ վնասվածքներով են եղել եւ արդեն պատրաստվում են դուրս գրման:
Կարդացեք նաև
Նշենք, որ այն բոլոր քաղաքացիները, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ, տուժել են այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններից : Նրանք տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի», «Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» բժշկական կենտրոններ: Այդ քաղաքացիները մասնակցում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիային: Ակտիվիստները հիվանդանոցներ են տեղափոխվել գանգուղեղային եւ այլ վնասվածքներով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ