Այսօր ԱԺ արտահերթ նիստը սկսվեց բուռն ու թեժ վիճաբանությամբ՝ լարված մթնոլորտում:
Նախ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում ինչ իրավիճակ է, 237 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության կողմից. «Նրանց մեջ եղել են բազմաթիվ լրագրողներ, որոնք բերման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունը լուսաբանելիս: Ջարդվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բռնագրավել են նրանց ֆոտոապարատների եւ տեսախցիկների չիպերը: Բաղրամյան պողոտան բացելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում եւ դրան հարակից տարածքներում, ինչն ամենեւին կապ չուներ տրանսպորտի հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, լրագրողներին եւ պատժել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներին՝ պաշտոնյաներին»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ամեն ինչ բաց է եղել, բոլորը հետեւել են, բոլորն ունեն իրենց գնահատականները. «Բոլորս էլ ցավ ենք ապրում: Կարող են այդ գնահատականները տարբեր լինել: Համենայնդեպս, վարման կարգի հետ դա չէր առնչվում, ես պարզապես հարգանքով մոտեցա»:
Նա առաջարկեց, որ ընդմիջմանն իր աշխատասենյակում ովքեր ասելիք ունեն, քննարկեն, թե ինչ խնդիրներ կան:
Կարդացեք նաև
Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր է գալիս դեպքերի թատերաբեմից եւ ուզում է հանցագործության մասին հաղորդում տալ. «Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ լրագրողներն ինձ հետ զրույցում հայտարարություն են արել: Ես հիմա դատապարտում եմ այդ ապօրինի գործողությունները…»: Նիկոլ Փաշինյանը դեռ խոսքը չավարտած՝ Գալուստ Սահակյանը հորդորեց անջատել նրա խոսափողը:
Տիգրան Ուրիխանյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես անդրադարձան այդ խնդրին: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Դուք բոլորդ տեսել եք ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում: Բաղրամյան պողոտայում են գտնվում պետական 3 հաստատություններ, որոնք կայացնում են որոշումներ»:
Գալուստ Սահակյանը անջատել տվեց նաեւ նրա խոսափողը: Չնայած դրան՝ Փոստանջյանն առանց խոսափողի սկսեց բղավել եւ ասել իր ասելիքը. «Չանջատե՛ք իմ խոսափողը: Բոլորս պետք է միահամուռ ուժերով կանխենք այս ապօրինությունները: Դուք իրավունք չունեք ինձ ասել»: Գալուստ Սահակյանը արձագանքեց, թե «Իմ իրավունքները բնորոշ են օրենսդրությանը, դուք իրավունք չունեք»:
Իսկ Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Ես իրավունք ունեմ արտահայտվելու, որովհետեւ ես գտնվում եմ օրենսդիր մարմնում, ես չեմ գտնվում թմրամոլների ու խաղամոլների ակումբում, թույլ տվեք արտահայտվեմ»:
Գալուստ Սահակյանը դիտողություն արեց Փոստանջյանին՝ զգուշացնելով, որ հաջորդ քայլն այլ է լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ