Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներից մեկը քիչ առաջ ձեռքին թղթերով դուրս եկավ առավոտ կանուխ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստների ծնողների հետ հանդիպման: Նա հարցուփորձ էր անում նրանց հարազատների անուն-ազգանունները ու հայտնում, արդյոք նրանք Արաբկիրի բաժնում են, թե ոչ:
Մեր հարցին՝ թվով քանի քաղաքացի կա բերման ենթարկված Արաբկիրի ոստիկանության բաժին, նա պատասխանեց՝ չի կարող այդ տվյալները հայտնել, հետո ասաց՝ եթե շարունակենք տեսանկարահանել, ինքը կդադարեցնի տեղեկություններ հայտնել բերման ենթարկվածների հարազատներին:
Նա միայն ասաց, որ իրենց բաժնում բերման ենթարկվածների մեջ կա երկու աղջիկ՝ մեկը Անի Նավասարդյանն է, մյուսը Ֆրանսիայի քաղաքացի մի աղջիկ:
Կարդացեք նաև
Երկու կին փնտրում էին իրենց աղջիկներին: Նրանք հայտնեցին, որ առավոտից եղել են թե Մալաթիայի, թե Կենտրոնի, թե Նոր Նորքի ոստիկանական բաժիններում, բայց տեղեկացել են, որ իրենց երեխաներն այնտեղ չեն: Նրանք խնդրեցին ոստիկանության աշխատակցին՝ պարզել` որտեղ են իրենց երեխաները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ