Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում։ Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել, հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել։
Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի։ Եվ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին։ Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալանավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում։
Բայց ինչպես երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, եւ Թեւոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել, գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել։ Չի բացառվում։ Բայց այն, որ Երեւանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թեւոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է։ Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թեւոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, եւ վերջ։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում