«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը սպառնում է տարածաշրջանին»,- այս մասին, ըստ «News.az»-ի, Ադրբեջանում մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 1 միլիոնից ավել ադրբեջանցիներ դարձել են փախստականներ եւ հարկադիր տեղահանվածներ. «Խոջալուի ցեղասպանությունն իրականացվել է մեր ազգի դեմ: Օկուպացված տարածքների բոլոր շինությունները ոչնչացվել են, հայ բարբարոսները ոչնչացրել են նաեւ մեր մզկիթները: Այնուամենայնիվ մենք կվերականգնենք բոլոր պատմական եւ կրոնական հուշարձանները, երբ վերադառնանք այդ հողեր»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ըստ Ալիեւի, պետք է լուծվի միջազգային իրավունքների շրջանակներում, հիմնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա. «Հայաստանը ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը: Սակայն արդարադատությունը, ինչպես նաեւ պատմական արդարությունը աջակցում են մեր դիրքորոշմանը: Արդարադատություն կլինի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ