Երեկ, երբ ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք պատրաստվում են դատի տալ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին, մեզ պատասխանեցին. «Դատարան չենք կարող դիմել, քանի որ տեղի ունեցածը հրապարակային բնույթ չի կրել։ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում։ Դա է պատճառը, որ ոստիկանությունը չի կարող օգտվել Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածից»։ Թե կոնկրետ ի՞նչ խախտում էր թույլ տվել պատգամավորը հստակ չասացին, հայտնեցին ընդամենը, որ խախտումն արձանագրվել է։
Երբ փորձեցինք Հատուկ քննչական ծառայությունից ճշտել՝ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի հետ կապված նյութեր նախապատրաստվո՞ւմ են կամ հնարավո՞ր է՝ արդեն քրեական գործ կա հարուցված, պատասխանեցին, որ՝ ոչ։
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը երեկվա դրությամբ որեւէ դիմում ոստիկանությունից չէր ստացել պատգամավորի վարքի վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին։
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սուքիաս Ավետիսյանին հարցրեցինք՝ պարտադիր պետք է դիմում լինի՞, որպեսզի հանձնաժողովը սկսի քննել պատգամավորի վարքագիծը, թե՞ տեսանյութը արդեն հիմք է, որպեսզի գործընթաց սկսվի, Ավետիսյանը պատասխանեց. «Կարող է նաեւ՝ եթե համացանցում տեսանյութ կա, որ նա վիրավորում է, միգուցե դա նաեւ հիմք հանդիսանա, որ ընթացք տանք։ Հիմա, մինչեւ նախագահը չգա, ոչինչ չենք կարող ասել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում