Արաբկիրի ոստիկանության բաժին քիչ առաջ ժամանեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Նրանք ոստիկանության դիմաց հավաքված քաղաքացիներից հարցրին իրենց հարազատների անուն ազգանունները, որ ներսում պարզեն, արդյոք Արաբկիրի բաժին բերման ենթարկվածների մեջ կա՞ն, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ առավոտից այստեղ են հավաքվել «Ոչ թալանին» նախաձեռնության բերման ենթարկված ակտիվիստների հարազատները: Հավաքված քաղաքացիներին ոստիկանության այս բաժնից չեն հայտնում, արդյոք այստեղ են բերման ենթարկվել իրենց փնտրած քաղաքացիները, թե ոչ:
«Ոստիկաններ, հոսանքի թանկացումը ձեզ էլ է վերաբերում»,- ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ ուղղելուց հետո ասում են հավաքվածները:
Ի դեպ, ոստիկանության բաժին ժամանած շտապ օգնության մեքենան դեռ չի հեռացել: Ծնողները շարունակում են լացել բարձր ձայնով:
Կարդացեք նաև
Գնալով ավելանում են այստեղ հավաքվող քաղաքացիների թիվը, բոլորը նույն բանից են դժգոհում. «Որ բաժին գնում ենք, տեղեկություն չեն տալիս: Ասում են զանգեք 02, զանգում ենք, էնտեղից էլ տեղեկություն չեն տրամադրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ