Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տանը մնացած» ռեֆորմներ

Հունիս 23,2015 10:18

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ծավալուն հարցազրույց է տվել Financial Times թերթին: Ի թիվս այլ դիտարկումների՝ Իվանովն ակնարկել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկություն ունի զբաղվելու տնտեսական բարեփոխումներով՝ իր քաղաքացիների կյանքի որակով, էկոլոգիայով, տրանսպորտով, սակայն այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի շուրջը պատրաստվում է տեղադրել հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ հարեւան երկրներ բերել ծանր զրահատեխնիկա, խանգարում է Կրեմլին զբաղվել բարեփոխումներով:

Ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ցանկացած այլ երկրի իշխանության համար իրական կամ հնարած «արտաքին սպառնալիքները» լավ պատրվակ են քաղաքական եւ տնտեսական կյանքում զարգացում չապահովելու համար: Այդ շարքին, ի դեպ, պատկանում են նաեւ Բալթյան պետությունները, որտեղ վիճակը նույնպես փայլուն չէ, եւ որոնք, սակայն, «արդարացում» ունեն, թե կարող է Ռուսաստանը նրանց վրա հարձակվել (ինչը ինձ խիստ կասկածելի է թվում):

Հայաստանին սպառնացող արտաքին վտանգներն, իհարկե, միանգամայն իրական են: Բայց դա չի նշանակում, որ մեր կյանքը պետք չէ բարեփոխել: Գուցե այդ կյանքի ճիշտ կազմակերպումը, հակառակը՝ ավելի շատ կհամապատասխանի այդ մարտահրավերներին: Բայց իմ տպավորությամբ՝ մենք շուրջ երկու տասնամյակ զբաղվում ենք «կարկատաններով»՝ մշտապես մտածելով, որ լուրջ բարեփոխումների «վախտը չի»: (Մինչեւ հիմա մարդիկ խոստորեն քննադատում են Բագրատյանի կառավարությանը, որը ակտիվ մարտական գործողությունների ժամանակ իրականացնում էր ռեֆորմներ, բայց, բոլոր սխալներով հանդերձ, պարզ է, որ դրանք անհրաժեշտ էին): Ինձ թվում է՝ Հայաստանի շրջափակումը եւ Ադրբեջանի կողմից սպառնալիքները շարունակվելու են դեռ երկար տարիներ: Բայց դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու:

Իմ կարծիքով՝ հրատապ խնդիրներից մեկը պետք է լինի պետական ապարատի «թեթեւացումը»: 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ միայն հիմնական գերատեսչություններում՝ նախարարություններ, մարզպետարաններ եւ այլն, աշխատում էր 13 537 պետական ծառայող: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետարանում բյուրոկրատների թիվը 183 հոգի է, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը 93 մարդ է (տեսնես, ինչո՞վ են զբաղված), Ազգային վիճակագրական ծառայությունում՝ 360 աշխատակից (այդքան հաշվելու բա՞ն կա) եւ այլն: Պաշտոնապես 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում պետք չէ ո՛չ այդքան շատ գերատեսչություն, ո՛չ էլ այդքան շատ պետական ծառայող: Բայց քանի որ այդ աշխատակիցները նախարարների, մարզպետների եւ մնացած զանազան պետերի մոտիկ ու հեռու բարեկամներն են, ապա որեւէ մեկին ձեռք տալը դժվար գործ է: Կա նաեւ քաղաքական շահարկման հնարավորություն. «Ուրեմն 10 հազար ընտանիք մնա առանց աշխատանքի ու բռնի պանդուխտի ցո՞ւպը»: Բայց պարզ է, չէ՞, որ այդ չինովնիկների կոռուպցիոն գործունեությունից էապես ավելի շատ մարդ է նույն ցուպը բռնում: Բոլոր դեպքերում՝ ոչինչ չանելու համար կարելի է հազարավոր պատճառներ գտնել:

…Երբ գալիս է երիտասարդների ամուսնանալու ժամանակը, բայց նրանք այդ գործը հետաձգում են, այսպես ասած, «հերթ են կանգնեցնում» հանուն այլ՝ ավելի «հրատապ» գործերի, մեծ է վտանգը, որ նրանք տանն են մնալու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    2015 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրությունը կդառնա 20 տարեկան: 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, նույն օրը ձեւավորվեց ՀՀ Առաջին գումարման Ազգային ժողովը: Այդ օրվանից ՀՀԿ-ն իշխանության մեջ է, 1999 թվականից` իշխանության հիմնական կրող: 1995 թվականին այսօրվա խրոխտ հանրապետականների մի մասն առաջին անգամ էր դառնում պատգամավոր: 20 տարի առաջ այս օրը այսօրվա ՀՀԿ-ականներ Հովիկ Աբրահամյանը, Հերմինե Նաղդալյանը անկուսակցական պատգամավորներ դարձան, Վարդան Այվազյանը` ՀՀՇ-ական էր եւ այլն: 191 պատգամավորով ԱԺ-ում հանրապետական էին ընդամենը չորսը` Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան: ՀՀԿ-ն ՀՀՇ-ի ստեղծած «Հանրապետություն» բլոկի մաս էր: Այս միավորը ԱԺ-ում մեծամասնություն ուներ, «Հանրապետություն» բլոկի մեջ մեծամասնությունը ՀՀՇ-ից էր, կային ՀՀԿ-ականներ, անկուսակցականներ, հնչակյաններ, ռամկավարներ: Աժ-ում կային կոմունիստներ, ԱԺՄ-ականներ, «Շամիրամ» կուսակցության անդամներ, ԱԻՄ-ականներ: ԱԺ-ում 10 կուսակցության ներկայացուցիչ կար: Այս ԱԺ-ում կա վեց խմբակցություն: ՀՀԿ ցուցակով բացի ՀՀԿ-ականներից պատգամավոր են դարձել վեց կուսակցության ներկայացուցիչներ: Անցած 20 տարում` ՀՀԿ կառավարման շրջանում արձանագրված 20 շրջափուլ:

    1. ԱԺ-ում գնդակահարեցին ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, պատգամավորների, նախարարի:
    2. Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ընտրելու իրենց իրավունքը պաշտպանող քաղաքացիների:
    3. «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնվեցին արտադրական հզորություններ, որոնք մի կողմ են նետված, չեն աշխատում:
    4. Ռուսաստանին վաճառվեց այդ պահի միակ բջջային օպերատորը:
    5. Ռուսաստանին վաճառվեց էներգետիկ համակարգը:
    6. Ռուսաստանին վաճառվեց երկրորդ բջջային օպերատորը:
    7. Ռուսաստանին վաճառվեց գազամատակարարման համակարգը:
    8. Ռուսաստանին վաճառվեց Իրան-Հայաստան գազատարը:
    9. Ռուսաստանցի բարձաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է`ռազմական հենակետը:
    10. Անցկացվեց «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը», որի ժամանակ սփյուռքահայերն ասացին, որ Հայաստանից արտագաղթը լուրջ տագնապ եւ մարտահրավեր է:
    11. Քրեական, փողոցային կանոններով ապրողներին քաղաքական նպատակներով օգտագործելը սովորական դարձավ:
    12. Ընդդիմադիրներին` այդ թվում ղարաբաղյան պատերազմի մասնակից, քրեական հանցագործ որակելը եւ դատապարտելը սովորական դարձավ:
    13. Քրեական անցյալով անձանց պետական կարեւոր պաշտոններ վստահելը սովորական դարձավ:
    14. Մտավոր ունակություններով չփայլող, մականունավոր թաղային տղերքի ներկայությունը ԱԺ-ում սովորական դարձավ ու նրանց քանակը 20 տարում ավելացավ անգամներով:
    15. Սփյուռքահայ ներդրողներին խաբել-«քցելը» սովորական դարձավ:
    16. Պետական պաշտոնը անձնական նպատակներին ծառայեցնելը, գործող բիզնեսներում պետական պաշտոնյաների «փայ մտնելը» սովորական դարձավ:
    17. ՀՀ քաղաքացիների կարծիքն անտեսելը, արհամարհելը, անտեսելը սովորական դարձավ:
    18. Միջազգային տարբեր կառույցների զեկույցներում Հայաստանի մասին բացասական գնահատականները սովորական դարձան:
    19. Ղարաբաղը դուրս մնաց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Խորացավ ղարաբաղցի-հայաստանցի անընդունելի բաժանումը:
    20. Արտագաղթը աճեց ու չի դադարում:

  2. Լավատես says:

    Գիտության մեջ հաճախ շատ գեղեցիկ տեսություններ փորձով չեն հաստատվում, իսկ քաղաքական թե ռազմական պայքարում հաճախ շատ վեհ գաղափարներ հաղթանակներով չեն պսակվում։ Առանց հաղթանակի գաղափարներն արժեք չունեն, ինչքան էլ դրանք վեհ ու գեղեցիկ լինեն։ Հաղթանակի համար ստիպված կեղտոտ գործեր էլ են անում, դրա համար ամենակեղտոտ գործերը պետք է կատարեն ամենամաքուր մարդիկ՝ մտավորականությունը, իսկ մաքուր գործեր կեղտերն էլ կարողեն անել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930