Մալաթիայի ոստիկանության բաժնից Վահրամ Մուշեղյանը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Վահրամն անգամ չէր հիշում իր անունը, կողքից են հուշել: Ակտիվիստներից մեկը հայտնեց, որ Վահրամ Մուշեղյանը շատ վատ վիճակում է եղել, բայց շտապօգնություն կանչել են 3 ժամ հետո:
Ոստիկանությունը խոչընդոտել է Aravot.am-ի լրագրողի գործունեությանը՝ նկարահանմանը: Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ ներսում գտնվում են մոտ 30 հոգի, որոնք խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել: Նրանց մեջ կան լրագրողներ են, որոնց արդեն բաց են թողել:
Բաց թողնված անձանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ ասաց, որ ներսում բերման ենթարկվածների հետ այդքան էլ լավ չեն վերաբերվում:
Բաց թողնված անձանցից մեկ այլ մարդ, որը նույնպես չցանկացավ ներկայանալ՝ ասաց, որ իրեն Կենտրոնի բաժին են տարել, հետո բերել են Մալաթիայի բաժին: Իրեն բերման ենթարկել նրա համար, որ տեսել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարներին հայհոյելով, բռնի ուժով, ծեծելով խցկում «Ժիգուլի» մակնիշի մեքենա:
Կարդացեք նաև
Դուրս եկածները հայտնում են, որ ներսում բերման ենթարկվածներից մեկը սրունքի հատվածում կոտրվածք կամ ճաք ունի, բայց բուժօգնություն չեն ցուցաբերում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ