Լրահոս
Օրվա լրահոսը

Լ.Զուրաբյանը ԵԽԽՎ-ում. Դուք պետք է որոշեք՝ արդյո՞ք Հայաստանն արժանի է նման վիրավորանքի. iLur.am

Հունիս 22,2015 23:45

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախատեսված են նաեւ ՄԻԵԴ դատավորների ընտրությունները: Հիշեցնենք, որ Հայաստանը եւս ներկայացրել է դատավորների թեկնածուների իր ցուցակները, որոնց թվում է նախկին Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին:

«Ես խոսք եմ խնդրել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության մասին ելույթ ունենալու համար: Մենք պիտի դատավոր ընտրենք այն ցուցակից, որ ներկայացրել է Հայաստանը: Մեր երկիրը արդարադատության մեծ կարիք ունի, եւ քանի որ Հայաստանում բացակայում է անկախ դատական համակարգը, շատ հայեր, որոնք արդարադատություն են ցանկանում, ՄԻԵԴ-ը համարում են այն ստանալու վերջին միջոցը: Նրանց թվում են այն անձանց հարազատները, ովքեր սպանվել են 2008 թվականի մարտի 1-ին, երբ կառավարական ուժերը մահաբեր ուժ են կիրառել կեղծված ընտրությունների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար: Նրանց թվում են տասնյակ այնպիսի մարդիկ, որոնք երկար տարիներ պահվել են Հայաստանի բանտերում որպես քաղբանտարկյալներ միայն այն բանի համար, որ իրացրել են խոսքի եւ հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքը:

Նման տասնյակ դեպքեր այժմ գտնվում են Եվրոպական դատարանում: Հարցը կենսական նշանակություն ունի նրանց համար, ովքեր Հայաստանում սպասում են արդարադատության, որոնց համար կարեւոր է, որ այստեղ՝ Ստրասբուրգում այսպիսի դատավորներ լինեն, որ իրենց ակնկալիքները արդարանան: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները արել են ամեն հնարավորը, եւ ի վերջո, նրանց հաջողվել է ներկայացնել երեք թեկնածուների մի ցուցակ, որը ձեւավորվել է ոչ թափանցիկ ընտրությամբ՝ ֆիլտրելով անկախ մտածող եւ լավ պատրաստված թեկնածուներին, եւ թույլ չտալով նրանց ներկայանալ ընտրություններին ԵԽԽՎ-ում: Ես ALDE խմբակցության բոլոր անդամներին ուղարկել եմ հայաստանյան 33 հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ փաստաբանների համատեղ բաց նամակը, որոնք մերժում են ներկայացված ցուցակը եւ խնդրում են մերժել դրա հիման վրա ընտրությունը ԵԽԽՎ-ում: Ես ամբողջովին աջակցում եմ հայաստանյան քաղաքացիական հասարակության այս պահանջին, եւ նրանց անունից խնդրում եմ բոյկոտել հայկական ցուցակի քվեարկությունը: Դատավորների ընտրության հարցով կոմիտեն երաշխավորում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում ընտրել Արմեն Հարությունյանին:

Բայց ես, ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել այս հարգարժան լսարանին, որ պարոն Հարությունյանը Հայաստանում Օմբուդսմեն է եղել հենց այն տարիներին, երբ Հայաստանում տեղի են ունեցել ռեպրեսիվ ռեժիմի ամենաաղաղակող գործողությունները՝ այդ թվում մարտիմեկյան սպանությունները եւ հորինված մեղադրանքներով ընդդիմադիրներին բանտերում փակելը: Այն ժամանակ ինքը ոչինչ չի արել քաղբանտարկյալների ծանր կացությունը թեթեւացնելու համար, չի ընդդիմացել քաղաքական հաշվեհարդարներին: Նրա՝ դատավոր ընտրելու ժամանակ դուք պետք է որոշեք՝ արդյո՞ք Հայաստանն արժանի է նման վիրավորանքի»:

Լ.Զուրաբյանի անգլերեն ելույթի թարգմանությունը՝ iLur.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովհաննես Հովհաննիսյան says:

    Եթե ՀՀ անունից կայացվող վճռի մեջ 27 ուղղագրական սխալ կատարող անգրագետ անձը կարող է դատավոր ԱՇԽԱՏԵԼ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչ.շրջ. դատարանում,ապա ինչու պիտի ՄԻԵԴ-ում…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930