Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի տակ գտնվող վայրում,անտառապատ բացատի բարձրադիր լանջին է գտնվում Սրվեղի վանքը: Այն կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ:
Գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը: Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել:
Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է: Վանք կարելի է այցելել բարձր անցողականություն ունեցող մարդատար մեքենաներով: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ Սրվեղի վանքն աստիճանաբար փլվում է:
Նա ասաց, որ նախկինում փլվել էր հոգեւոր կառույցի առաջնամասը: Աստիճանաբար ավելանում է փլված մասը, եւ առկա է եկեղեցու ոչնչացման վտանգ: Գյուղապետի խոսքերով՝ եկեղեցի մտնելն ու դուրս գալն արդեն վտանգ է ներկայացնում տարբեր վայրերից ժամանող բազմաթիվ ուխտավորների համար: Սրվեղի վանքը հնուց հռչակվել է իր բուժիչ, հրաշագործ հատկություններով, հեռավոր վայրերից բժշկելու հույսով այստեղ են բերել զանազան հիվանդություններով տառապողների:
Կարդացեք նաև
Լ. Գրիգորյանը տեղյակ չէ՝, թե Սրվեղի վանքը, որ կազմակերպության հաշվեկշռում է գտնվում: Նա անհանգստացած է միջնադարյան վանքի ճակատագրով, սակայն չգիտի թե ում պետք է դիմել այն հիմնանորոգելու խնդրով: Գյուղապետն ասաց, որ Այգեհովտից սերված, Ռուսաստանում բնակվող Ամիր Ղեւոնդյանի ֆինանսական միջոցներով այժմ նորոգվում է Այգեհովիտ գյուղում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը 200-300 տարվա պատմություն ունի:
Ոսկան Սարգսյան
Շատ շուտով ողջ Տավուշի մարզն է փլվելու ապաշնորհ մարզային ղեկավարների աշխատանքի արդյունքում: