«Ոստիկան, նստի» վանկարկումներից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կքանստեց ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների կողքին: Այս քայլը նստացուցարարները ընդունեցին ծափահարություններով: Թեեւ Օսիպյանը շարունակում էր պնդել, որ ազատեն Բաղրամյան պողոտան եւ ընդունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը:
Ի դեպ, նշենք, որ եւ այսօր, եւ ավելի վաղ Վալերի Օսիպյանը հարցազրույցներում հայտնել է, որ ոստիկանությունը եւս դժգոհ է այս թանկացումներից: Սակայն նա հավաքը որակում է անօրինական, թեեւ խաղաղ:
Բաղրամյան պողոտայում շարունակում են մնալ հոգեւորականները՝ մասնավորապես Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Ասողիկ քահանա Կարապետյանը, որոնք այստեղ են, իրենց պնդմամբ, բախումը կանխարգելելու նպատակով:
Իրադարձությունների հետագա զարգացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ: