Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում շաքարախտից ավելի շատ են մահանում, Լոռիում էլ՝ չարորակ գոյացություններից

Հունիս 22,2015 21:07

Այսօր առողջապահության եւ ֆինանսական ոլորտի մասնագետները քննարկում էին Հայաստանում հանրային առողջապահության խնդիրները: «Հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով համաժողովին ներկայացվեց առողջապահության ոլորտում առկա իրավիճակը: Հանրային առողջապահության խնդիրներից է նաեւ ծխախոտի օգտագործման բարձր մակարդակը:

Հունիսի 19-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այս նախագծի՝ ծխախոտի, օղու, գազի եւ բենզինի ակցիզային հարկը 6 դրամով թանկացվում է:

Կան երկրներ, որտեղ այս ապրանքատեսակները նպատակային են հարկվում. օրինակ՝ ծխախոտի, շաքարի իրացումից առաջացած հարկի որոշակի մաս ուղղվում է առողջապահության ոլորտին:

Aravot.am-ն այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում ծխախոտի ակցիզի թանկացումից արդյոք առողջապահության ոլորտը կշահի՞: Այս առնչությամբ պարոն նախարարն ասաց. «Սա ֆինանսական ոլորտի քաղաքականություն է, բայց հաշվի առնելով, որ այն ուղղակիորեն ունի ազդեցություն նաեւ առողջապահական ոլորտի վրա, մեր դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում: Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք ավելի դժվար ու անմատչելի են դարձնում ծխախոտն ու ծխախոտամոլության արգելք են հանդիսանում, դրանք մեզ համար ողջունելի են»:

Պարոն Մուրադյանը նկատեց, որ ներկայումս օրենքում բազմաթիվ կետեր կան ֆիքսված, որոնք դժվար են իրականացվում, եւ նախարարությունը կողմ է օրենքի խստացմանը, որը կարող է հանգեցնել հանրային առողջության բարելավմանը: Որպես օրինակ՝ նախարարը բերեց Ռուսաստանում կիրառվող մեթոդը, ըստ որի, ռեստորաններում եւ հյուրանոցներում անցյալ տարվանից արգելվում է ծխելը, խախտումների դեպքում խիստ պատիժներ են կիրառվում՝ տուգանքները բավականին բարձր են:

Ըստ նախարարի, լավ կլիներ Հայաստանում էլ նման մեխանիզմներ կիրառվեին, որոնք կազդեին ծխախոտամոլության վրա, ինչպես նաեւ կազդեին  ծխողների թվի նվազեցման վրա. «Որովհետեւ այս երեւույթն ուղղակի բացասական ազդեցություն ունի առողջապահական հիմնական ցուցանիշների վրա: Ապացուցողական բժշկության սկզբունքները թույլ են տալիս այս պնդումներն անել»:

Ինչ վերաբերում է ծխախոտի ակցիզի թանկացմանը, ապա նախարարն ասաց, որ այդ հարկատեսակի բարձրացումը նպատակային հարկ չէ, բայց եթե բյուջեի մուտքերը դրանով ավելանան, ապա դա կազդի նաեւ առողջապահական բյուջեի վրա. «Օրինակ` սրտի ծրագրի (սրտի անվճար ստենտավորում Ն. Բ.) դեպքում  հաշվարկել էինք, որ պետք է ծախսենք 500 միլիոն դրամ, արդեն հուլիս ամսվա վերջին, անգամ ամենանվազ գնի պարագայում, մենք հիմա նոր հնարավորությունների կարիք ունենք»:

Ըստ «Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն-2014» ուսումնասիրության, Հայաստանում մահվան երկու առավել տարածված պատճառներն են`արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնք կազմում են բոլոր մահերի 47,7%-ը,  նորագոյացությունները, որոնք կազմում են բոլոր մահերի 20,6 %-ը:

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ խմբում առավել մեծ տոկոս են կազմում մահերը սրտի իշեմիկ հիվանդությունից, քրոնիկ եւ այլ ձեւերից, որոնք 2013 թվին կազմել են բոլոր մահերի 31,2 %-ը: Ուղեղի անոթային հիվանդությունները եւ սրտամկանի սուր ինֆարկտը  հանդիսացել են գրեթե հավասար քանակով մահերի պատճառ. համապատասխանաբար՝ 9,4 % եւ  8,8 %:

Գերճնշումային հիվանդություններ՝ 2.4% են: Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունն էապես ավելի բարձր է Տավուշում եւ Լոռիում:

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը բարձր է Լոռիում, իսկ  շաքարային դիաբետից մահվան ցուցանիշները բարձր են Տավուշում:

Նշված ուսումնասիրությունը բավականին ծավալուն է, որի մանրամասներին  կանդրադառնանք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Նշենք նաեւ, որ այս հետազոտությունն արվել է առողջապահական ոլորտում ճիշտ պատկեր ստանալու համար եւ հանրային առողջությանն ուղղված քաղաքականության մշակման եւ կիրառման համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930