Այսօր Գյումրու Թատերական հրապարակում դարձյալ հավաքվել էին հոսանքի թանկացման դեմ պայքարող երիտասարդները: Նրանցից մի քանիսը ուղեւորվեցին Երեւան՝ միանալու այնտեղ բողոքի ակցիա անցկացնողներին, մյուսներն էլ, նստելով թատրոնի աստիճանների վրա, սկսեցին կիթառով նվագել ու հայրենասիրական երգեր երգել: Գյումրի ժամանեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ԱՄՆ-ից եկած բարեկամների հետ:
Նա միացավ երիտասարդներին ու միասին սկսեցին հայրենասիրական երգեր կատարել:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում այս պայքարը որակեց ոչ թե մի քանի կոպեկների ու լումաների պայքար, այլ արժանապատվության, իրավունքի ու Սահմանադրության համար պայքար:
Ըստ նրա, հայ ժողովուրդը կունենա իր արդարության ժամը, եւ կարեւոր չէ, թե ովքեր են հարթակում կամ հրապարակում, կարեւորն այն է, որ գործը հասնի հաջողության: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ անխուսափելի է ժողովրդի հաղթանակը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ