Չեխիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը այսօր՝ հուլիսի 22-ին, հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և Առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները:
Չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս դեպի Հայաստան և այստեղից ցանկացած ուղղությամբ իրականացնել անսահմանափակ քանակի թռիչքներ: Քննարկվել են դեպի Հայաստանի շուկա չեխական ավիաընկերության մուտքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իսկ ավիաուղիների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի շուկա մուտք գործելու վերաբերյալ իրենց գործարար-առաջարկը:
Ավելի ուշ հիմնադրամի գործադիր տնօրենի ուղեկցությամբ «Չեխական ավիաուղիների» ղեկավարները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրենների հետ:
Բանակցությունների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Կարդացեք նաև
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն