Երեւանում անցկացվող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Հյու Բեյլին Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:
«Դա պատմության սարսափելի գլուխ է»,- ասաց նա: Նա հավելեց, որ կարծում է՝ ցեղասպանության թանգարանում հայերը պահպանել են այն, ինչ պատահել է. «Համաշխարհային հասարակությունը դասեր է քաղում ցեղասպանությունից, Երկրորդ համաշխարհային պատերազմից, Հոլոքոստից եւ այն դեպքերից, երբ մարդ արարածը դադարել է գործել ինչպես մարդ արարած: Դա ստվեր է գցում մարդկության վրա»:
Եզրափակելով իր խոսքը՝ Հյու Բեյլին կոչ արեց հայ ժողովրդին. «Դուք պետք է հիշեք այն ամենը, ինչ պատահել է եւ տեղեկացնեք մարդկությանը, թե ինչ է պատահում, երբ քաղաքականությունը չի կարողանում լուծել տարաձայնությունները եւ բռնությունը վրա է հասնում: Դա աղետալի է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ