Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյու Բեյլի. Ափսոսում եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան չեկավ

Հունիս 22,2015 19:30

«Այս սեմինարները տեղեկացնում են ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովին ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների վարած քաղաքականության մասին, ինչպիսինն Հայաստանն է»,- Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում, ամփոփելով 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարն, ասաց ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Հյու Բեյլին:

Նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շնորհիվ սեմինարի իմացել է, թե Հայաստանը ինչ ռազմական առաքելություններ է կատարում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ, տարածաշրջանում վարած քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության մասին. «Այս սեմինարները նաեւ հնարավորություն են տալիս պատգամավորներին ցույց տալ գործընկեր երկրներում ժողովրդավարության բնույթը, քաղաքացիական հասարակության ներքին ներդրումը: Մեզ համար կարեւոր է իմանալ, թե Հայաստանը ինչ առաջընթաց է կատարում»:

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին մասնակցում էր դիտորդական խումբ Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բացակայում էին: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե պարոն Բեյլին ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի բացակայությունը, նա պատասխանեց. «Ադրբեջանը Հայաստանի եւ այլ երկրների պատգամավորների հետ երկխոսելու հնարավորությունը բաց թողեց: Ափսոսում եմ, որ նրանք չեկան, բայց ես խրախուսում եմ նրանց մասնակցել ապագա միջոցառումներին: Կարծում եմ՝ անցյալ տարի, երբ հայ պատգամավորները մասնակցեցին Բաքվում տեղի ունեցող նույն միջոցառմանը, մեծ քայլ էր: Հիասթափված եմ, որ ադրբեջանցիները չեկան: Բայց դա չի նշանակում սառեցնել ապագա քննարկումներ, ես ցանկանում եմ նրանց խրախուսել հաջորդ անգամ այլ որոշում ընդունել»:

Մեր նկատառմանը, որ սեմինարին մասնակցում էին նաեւ դիտորդներ Լեռնային Ղարաբաղից, նա ասաց. «Կոնֆլիկտի լուծումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները հանդիպեն եւ թարմ պայմանավորվածություններ ձեռք բերեն: Միեւնույն ժամանակ տեղի են ունենում համաշխարհային գործընթացները, որոնք խրախուսում են լուծումներ փնտրել: Կցանկանայի, որ նրանք երկու տասնամյակների ընթացքում ունենային առավելությունը կանխել հակամարտությունը: Հայերը եւ Ադրբեջանցիները պետք է գտնեն խնդրի լուծումը»:

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը Երեւանում անցկացվել է հունիսի 18-20-ը: Սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակություններ, միջազգային եւ տեղական դիտորդներ: Հաջորդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը Երեւանում կանցկացվի 5 տարի հետո՝ 2020 թվականին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930