Այսօր, ժամը 19. 00-ին ավարտվում է վերջնաժամկետը, որն իշխանությունների համար`էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցնելու համար «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն է սահմանել: Նախաձեռնության անդամներն արդեն մի քանի օր այդ պահանջով նստացույց են անում Ազատության հրապարակում: Ժամկետի լրանալուց հետո, կասեցման մասին հրապարակային լուրի բացակայության դեպքում, նախաձեռնության հեղինակները նախատեսում են երթով գնալ նախագահական նստավայր:
Թեեւ վերջնաժամկետի լրանալուն բավական քիչ ժամանակ է մնացել, բայց Ազատության հրապարակն սկզբում այդքան էլ մարդաշատ չէր, սակայն քիչ անց ակցիայի մասնակիցների թիվն ավելացավ: Փոխարենը, ոստիկաններն են լավագույնս պատրաստվում: Նախ` հրապարակի հարակից տարածքներում բավական շատ ոստիկաններ կան: Ոստիկանական մեքենաների եւ ուժերի կուտակումներ են նաեւ Սահմանադրական շենքի հարակից տարածքում, Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի մոտակայքում:
Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների, ովքեր պատրաստվում էին երթով շարժվել դեպի նախագահական նստավայր քիչ առաջ մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորեց, որպեսզի կազմակերպիչները հավաքվածներին հայտարարեն` ակցիայի ավարտի մասին: Օսիպյանը բացատրեց, որ ակցիան նախապես իրազեկված չի եղել, կայացել է առանց թույլտվության, հետեւաբար ոստիկանները օրենքով սահմանված բոլոր ձեւերով արգելելու են դեպի Բաղրամյան փողոց երթը:
Կարդացեք նաև
Ակցիայի կազմակերպիչները փորձում են բացատրել, որ այն ինքնաբուխ է սկսվել, հետո հանգստյան օրեր են եղել, հետեւաբար իրենք հնարավորություն չեն ունեցել դիմել քաղաքապետարան եւ երթի համար թույլատվություն ստանալ: Օսիպյանը մնաց անդրդվելի, նա նաեւ հավելեց, որ Ազատության հրապարակի հարակից տարածքների բնակիչներից ոստիկանությունը բողոքներ է ստացել այն մասին, որ 3 օր տեւած նստացույցի մասնակիցները խանգարել են իրենց անդորրը:
Բանակցությունները դեռեւս շարունակվում են, բայց ակնհայտ է, որ ոստիկանները չեն տալու երթ դեպի Բաղրամյան փողոց:
Մանրամասները`ավելի ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ