Իրանագետ Գոհար Իսկանդարյանը համոզված է, որ հայ-իրանական երկաթուղու կառուցումը օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին, թեև տնտեսական առումով անարդյունավետ է լինելու. «Հայ-իրանական երկաթգիծը քաղաքական առումով անհրաժեշտ է, տնտեսական առումով գոնե առաջիկա տարիներին իրեն չի արդարացնի: Հայաստան-Իրան տնտեսական համագործակացությունն իր ծավալներով Հայաստանում չորրորդ տեղում է, իսկ եթե լիներ, օրինակ, երկրորդ տեղում, կարդարացներ: Բացի այս, հայկական ապրանքներն իրանական տարածք մեծ դժվարությամբ են մուտք գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Գ. Իսկանդարյանի դիտարկմամբ՝ քաղաքական առումով անհրաժեշտ է, որ դուրս գանք փակուղային վիճակից, կախված չլինենք Վրաստանից. «Այլընտրանք է»,- նշեց նա՝ նկատելով, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք ունի իրականացնելու այս ծրագիրը, մնում է հայթայթել անհրաժեշտ գումարը:
Իսկ արևելագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով հայ-իրանական երկաթուղու կառուցումը պետք է դիտարկել Հայաստանի համար երազանքային ծրագիր. «Պետք է մեր առջև խոշոր ծրագրեր դնենք, բարձր նիշ վերցնենք ու փորձենք հասնել այդ նիշին»,- ասաց նա:
Արևելագետի դիտարկմամբ՝ այս ծրագրի դանդաղ ընթացքի պատճառները երկուսն էին՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և համաշխարհային տնտեսական ճգնաժամը. «Այժմ այդ պատճառները վերանում են, և Իրանի ու վեցյակի միջև ընթացող բանակցությունների հաջող ավարտից հետո իրավիճակն էլ ավելի կբարելավվի»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ տնտեսագետների մի խումբ գտնում է, որ հայ-իրանական երկաթգծի կառուցումը շահավետ նախագիծ է, մի մասն էլ հակառակն է պնդում: Իսկ ինքը կարծում է, որ եթե անգամ տնտեսական առումով շահավետ չէ, գոնե ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական առումներով Հայաստանի համար շատ կարևոր է. «Այդ երկաթգծի կառուցմամբ մենք դուրս ենք գալիս ադրբեջանաթուրքական շրջափակումից»,- ասաց Ոսկանյանը՝ ընդգծելով, որ երկաթգծի կառուցումը ձեռնտու է նաև իրանական կողմին. «Իրանը Վրաստանի նավահանգիստներին կապող ամենակարճ ուղին է»:
Վ. Ոսկանյանի համոզմամբ՝ երբեք պետք չէ սեփական երազանքները կապել երրորդ, չորրորդ, հինգերորդ ուժերի հետ: «Եթե նույնիսկ Իրանի հետ կապված որոշ ծրագրեր դուր չեն գալիս Արևմուտքին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Հայաստանն ունի հստակ հիմնավորում՝ այլընտրանք չունենք, կամ էլ վերացրեք ադրբեջանաթուրքական շրջափակումը: Թեև այդ շրջափակման վերացումն էլ չի նշանակում, որ Հայաստանն իր հարևան երկրի հետ չպետք է տրանսպորտային խոշոր հանգույց ունենա»,- ասաց արևելագետը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ