Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ռուսաստանը Արեւմուտքի հետ որեւէ փոխզիջման պատրաստ չէ գնալ»

Հունիս 22,2015 18:10

«Ներկայիս Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է, քան 19-րդ դարի Ռուսաստանը»,- հունիսի 22-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը մի նոր լծակ ունի ազդելու թե՛ Եվրոպական քաղաքականության վրա, թե՛ ընդհանրապես արեւմտյան քաղաքականության վրա. «Լինելով ամբողջապես կոռումպացված համակարգ, Ռուսաստանը նաեւ ստեղծել է այդ կոռուպցիոն համակարգի բաժանմունքներն Արեւմուտքում՝ ամբողջ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:  Դա Ռուսաստանի փափուկ ուժի ամենաարդյունավետ գործիքներից մեկն է»:

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ պատժամիջոցները նոր որակ են ստացել եւ նոր մակարդակի են անցել. «Միջազգային դատարանի որոշմամբ, երբ սկսվեց Ռուսաստանի ունեցվածքի վրա կալանք դրվելը Եվրոպայում, սա արդեն քաղաքական հարց չէ, սա արդեն մի գործընթաց է, որը չեն կարող կանգնեցնել ո՛չ Օլանդը, ո՛չ Մերկելը, դա դժվար է պատկերացնել: Սա արդեն լրիվ իրավական գործընթաց է, որը սկսվել է: Լրիվ նոր տարր է մտել պատժամիջոցների մեջ, քաղաքական չէ, իրավական է եւ գնալով ընդլայնվելու է»:

Նա համարում է, որ ներկայիս Ռուսաստանը, ի տարբերություն խորհրդային, ցարական Ռուսաստանի, Արեւմուտքի հետ որեւէ փոխզիջման պատրաստ չէ գնալ: Իսկ Արեւմուտքը հստակ ցույց է տալիս, որ դա բացառվում է. «Կարծում են, որ հետագա հարվածները կշարունակեն հասցնել ռուսական հենց կոռուպցիոն այդ կառույցներին Արեւմուտքում: Կարծում եմ՝ դրանց ազդեցությունը գնալով նվազելու է: Դրա լրացուցիչ ապացույցն է, որ Ռուսաստանի շուրջ ուժեղանում է Արեւմուտքի ռազմական ներկայությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930