Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման քսաներեք տարին: Ծննդյան առաջին իսկ օրից Զորքերը Ազատամարտի առաջին գծում էին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, նաև ծառայություն էին կատարում երկրի ներսում՝ պայքար մղելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այսօր էլ Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, շարունակում է իր ծառայությունը հանուն օրենքի և ժողովրդի:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտոնատար այլ անձինք հանդիսավոր արարողությունից առաջ շրջայց կատարեցին բացազատված ուսումնական կետերով, ստուգեցին ոստիկանության զորքերի տեխնիկայի վիճակը և ծանոթացան հատուկ միջոցների տեսակներին:
Տարեդարձի առթիվ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորեց ոստիկանության զորքերին:
Կարդացեք նաև
Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ավանդի, ծառայողամարտական բարձր պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան պարգևների:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ևս մի քանի զինծառայողներ պարգևատրվեցին Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ:
Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ Զորքերի զինծառայողների հանդիսավոր երթ:
Այնուհետև հերթը պատվո պահակախմբի ցուցադրական ելույթինն էր:
Հանդիսության ավարտին զինծառայողները ներկայացրին մարտական և ձեռնամարտի հնարքներ:
ՀՀ ոստիկանություն