«Ուկրաինան մնում է չափազանց կարեւոր երկիր Հայաստանի համար»,- հունիսի 22-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքերով՝ կաշառված Ուկրաինան մեխանիկորեն կբերի հայկական պետության լուծարմանը՝ ընդգրկելով նրան կա՛մ ինչ-որ նոր ռուսական, կա՛մ եվրասիական կայսրությունում: Նա նշեց, որ Ուկրաինայում նոր իշխանության ձեւավորմամբ սկսել են արմատական բարեփոխումները, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները, վերարժեւորվում է անցյալն ու արժեքները եւ ազգի քաղաքական կայացման գործընթաց է տեղի ունենում. «Այդ գործընթացներն ընթանում են մեծ դժվարության, դիմադրության պայմաններում առանձին ազդեցության խմբերի կողմից, նաեւ Ռուսաստանի կողմից փաստացի տեղեկատվական տեռորի պայմաններում: Ուկրաինայում այս գործընթացների ելքը մեծապես կանխորոշելու է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլ նաեւ մնացյալ բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, գուցեեւ առաջին հերթին Հայաստանի, որովհետեւ դրանից է կախված լինելու, թե Հայաստանը ինչպիսի Ռուսաստանի հետ է գործ ունենալու կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ խիստ ցածր է քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակը, նվազագույնի է հասցված այդ հարաբերությունների հանրային ռեսուրսի օգտագործումը. «Հայաստանի քաղաքական դասի մոտ շատ ցածր է այս բոլոր իրողությունների ընկալումը: Գերակայում է տեսակետը, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա մեզնից շատ հեռու է, բացի դրանից այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, դա ինչ-որ սխալի արդյունք է, որը թույլ է տվել ուկրաինական քաղաքական դասը, սթափ քաղաքական մտածողության պակասի արդյունք է: Մինչդեռ դա մի գործընթաց է, որն ունի խիստ օբյեկտիվ պատճառներ, եւ գլխավոր պատճառն այն է, որ հետխորհրդային համակարգը դադարել է ապահովել իրական հասարակական պահանջմունքները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ