Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Քոլեջների դիմորդների թվի աճն ազդում է բուհերի դիմորդների քանակի վրա»

Հունիս 22,2015 17:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի դիմորդների թվի տարեցտարի նվազումը պայմանավորում է նաև քոլեջների և ուսումնարանների նկատմամբ հետաքրքրության աճով. «Չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ քոլեջներ և ուսումնարաններ դիմող երիտասարդների թիվը վերջին տարիներին կտրուկ մեծացել է. գրեթե 50%-անոց աճ ունենք, և դա, բնականաբար, ազդում է բուհերի դիմորդների քանակի վրա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ-ում այժմ գործում են 100-ից ավելի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: «Երկար տարիներ կրթական այս ոլորտը «խորթ եղբոր» կարգավիճակում էր բարձրագույն կրթության կողքին. քոլեջների և ուսումնարանների գրավչությունը շատ ցածր էր: Սակայն 2007 թվականից իրականացված լայնածավալ աշխատանքները բերեցին նրան, որ մենք այսօր ունենք հստակ վիճակագրական տվյալներ, որ հետաքրքրությունը այս տեսակի կրթության նկատմամբ վերականգնվում է: Վերականգնվում է նաև շնորհիվ այն բանի, որ մենք վերացրել ենք ընդունելության քննությունները, բացառությամբ նեղ մասնագիտական քոլեջների և ուսումնարանների: Երկրորդ պատճառն այն է, որ պետությունը կտրուկ ավելացրեց պետպատվերը: Մենք ունենք անվճար կրթության շատ մեծ հնարավորություն մեր երիտասարդների համար կրթության հենց այս հատվածում»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Krtutyun

Նշենք, որ նախարարն այսօր Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում մասնակցում էր նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի հանձնման արարողությանը:

Հավաստագրմանը մասնակցել է հիշյալ հաստատությունների ղեկավարի պաշտոնին հավակնող 61 թեկնածու, որոնցից 6-ը կտրվել են: Իսկ քննությունը հաջողությամբ հանձնած 55 մասնակիցներին Արմեն Աշոտյանն այսօր հանձնեց ղեկավարման իրավունքի հավաստագրեր:

«Դպրոցներում արդեն մի քանի տարի է՝ կիրառվում են ղեկավարների որակավորման քննությունները: Որոշեցինք, որ նման մեխանիզմ պետք է լինի նաև քոլեջներում և ուսումնարաններում: Տնօրենի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա նվազագույն պարտադիր գիտելիքներ իր մասնագիտական գործունեությանն առնչվող ոլորտներից՝ մանկավարժությունից մինչև իրավագիտություն: Մենք երկար տարիներ ունեցել ենք տնօրեններ, որոնց հետ կնքված անժամկետ պայմանագրերը նրանց թույլ էին տալիս ցմահ լինել տնօրեն: Եվ, բնականաբար, պետք էր այս դաշտը ևս կարգավորել՝ սահմանելով խաղի հստակ կանոններ՝ որակական պահանջներ և պարբերականություն»,- հստակեցրեց Արմեն Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930