Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադառնալով քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքին՝ հանձնարարել է շարունակել հսկողությունը բարձրացվող հարցերին տրվող պատասխանների և լուծումների նկատմամբ: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել հնարավոր տարբեր միջոցներով բնակչությանը թեժ գծերի հեռախոսահամարների մասին լրացուցիչ իրազեկելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման ծրագրով առաջին հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում հանգստի է մեկնել երևանաբնակ 425 երեխա: Քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անձամբ այցելել ճամբարներ և ծանոթանալ երեխաների առօրյայի կազմակերպմանը:
Հաշվի առնելով, որ ամառային հանգստի շրջանում բնակիչները բակային տարածքներում իրենց ժամանցն անցկացնում են մինչև ուշ երեկո, հանձնարարվել է գույքագրել արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները և այրված լամպերը փոխարինել նորերով: Վարչական շրջանների բակային տարածքներում շարունակվում են նաև նկարազարդումներն ու գունազարդումները: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ընդհանուր առմամբ այս տարի կնկարազարդվի 280 բակային տարածք: Հանձնարարվել է ակտիվացնել այս, ինչպես նաև մայրաքաղաքում առկա մետաղյա կառուցվածքների ներկման ուղղությամբ աշխատանքները:
Երևանի քաղաքապետարան