Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Ես համաձայն եմ բոլորի հետ, բայց…

Հունիս 22,2015 16:37

Արդեն մի քանի օր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցով պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները վերջնաժամկետ են տվել ՀՀ իշխանություններին`կասեցնելու թանկացումը: Վերջնաժամկետը լրանում է այսօր, ժամը 19.00-ին: Եթե մինչ այդ պաշտոնապես չհայտարարվեց թանկացումը կասեցման մասին լուրը, քաղաքացական ակտիվիստները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Բաղրամյան 26։ Նրանք կոչ են անում նաեւ բոլոր քաղաքացիներին`մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին`«Որոշողը մենք ենք» կարգախոսով:

Մինչ այս պահը իշխանությունը զիջումների չի գնացել: Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում հնարավոր էլ չէ: Aravot.am-ի հետ զրույցում չցանկանալով դատողություններ եւ գուշակություններ անել այն մասին թե ի՞նչ զարգացումներ կլինեն երեկոյան`Ազատության հրապարակից Բաղրամյան 26 երթի ընթացքում, նա բացառեց էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը:

Ստեղծված իրավիճակում, իշխանական պատգամավորը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության`սնանկացումից փրկելու միակ տարբերակն այս ճանապարհն է համարում. «Միգուցե հազար հարցով մենք քննադատենք ՀԷՑ-երի ղեկավարությանը, միգուցե նաեւ որոշ պաշտոնյաների, որ ժամանակին պատշաճ ուշադրություն, հսկողություն չեն իրականացրել ընկերության գործունեության վրա, բայց խնդիրն այն է, որ սակագինը հաշվարկելիս հաշվի չեն առնվել շքեղության ու ճոխության գործոնները, որոնք քննադատվեցին: Սակագնի հաշվարկման հիմքում եղել է միայն թանկ գնած եւ էժան վաճառած էներգիան: Այսինքն, ՀԱԷԿ-ը նախատեսվածից ավելի ժամկետով է կանգնել վերանորոգման եւ ՀԷՑ-ը ստիպված է եղել Հրազդանի ՋԷԿ-ից թանկ էներգիա գնել: Սա տնտեսագիտական հիմնավորում ունի: Ոչ մեկի դուրը չի գալիս. իմ դուրն էլ չի գալիս, ձերն էլ, որովհետեւ դա վերաբերվում է յուրաքանչյուրին: Եվ խոսքն ամենեւին միայն տանն օգտագործվող հոսանքի մասին չէ, ի վերջո կան արտադրողներ, հոսանք սպառող ընկերություններ: Առանց այդ էլ շուկայում մեր ընկերություններին բավական դժվարությամբ է հաջողվում դիրքերը պահել, քանի որ ծախսեր են կատարվում նաեւ կոմունիկացիոն խնդիրների լուծման համար եւ այլն, մանավանդ, որ մեր դասական շուկան ՌԴ-ի շուկան է, որն արդեն գնողունակ պահանջարկ չունի: Սա էլ գումարելը, իհարկե, շատ վատ է տնտեսության համար: Բայց սա այն խնդիրն է, որն այլընտրանք չունի:

Ուզում ենք դա լավ համարենք, վատ, հայհոյենք, բողոքենք… ես համաձայն եմ բոլորի հետ`բողոքողների, նստացույց անողների, բայց կան տնտեսական հաշվարկներ եւ ցավոք, դա, այն է` ինչ ունենք»:

Հարցին`որքա՞ն պիտի շարունակվի այս իրավիճակը, քանի որ անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում, երբ խորհրդարանը կրկին քննարկում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկին նույն հիմնավորումները բերեց եւ խոստացավ, որ այդ հիմքով թանկացում այլեւս չի լինի, բայց, ինչպես կյանքը ցույց տվեց`պատմությունը կրկնվում է, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ես ինչի՞ եմ շատ դրական վերաբերվում հանրային տեսակետների նաեւ մի քիչ կտրուկ արտահայտմանը. նաեւ այն տեսակետից, որ բոլոր այն մարդիկ, ովքեր լիազորություններ ունեն`վերահսկելի դարձնել այդ ընկերության աշխատանքները, իրենց գործունեությունը ճիշտ կազմակերպեն եւ ճիշտ անեն, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան»:

Նա նաեւ հավելեց, որ մի բան հստակ պետք է իմանանք`եթե եղավ երաշտ, ՀԷԿ-երը չաշխատեցին, եթե ՀԱԷԿ-ը նորմայից պահանջվածից ավելի ժամանակ կանգնեց վերանորոգման, նորից նման խնդիրների առաջ է կանգնելու ՀԷՑ-ը. «Որքան էլ իշխանությանն ու կառավարությանը քննադատենք ու հայհոյենք, համաձայնեք, որ առաջինը հենց իշխանությանն ու կառավարությանը ձեռնտու չէ նման իրավիճակը, քանզի ողջ բարդությունը հասկանում են եւ պատասխանատվությունն էլ իրենք են կրում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930