Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ մատուցվեց մեծ բարերար, ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակին:
Միքայել Սրբազանը իր խոսքում նշեց, որ նա այնքան կարեւոր անձ էր, հատկապես գյումրեցիների համար, որ նույնիսկ 98 տարեկանում կյանքից հեռանալով՝ դատարկություն թողեց իրենից հետո: «Գիտեք նա այնքան լայնորեն իր քսակը բացեց եւ նվիրատվություն արեց, որով կառուցվեցին շատ ու շատ շենքեր Գյումրի քաղաքում: Մեծահարուստների պակաս հայ ազգը երբեք չի ունեցել, բայց բարերարների պակաս ունեցել է եւ ունի եւ ցավոք դեռ էլի կունենա: Ինչպես ինքը ՝ Քըրք Քըրքորյանն էր ասել մի անգամ՝ կան հարուստներ եւ կան փող ունեցող աղքատներ: Եվ սա Ավետարանական սկզբունք է, ինքը եկեղեցուց հեռու մարդ էր , շատ մոտիկ մարդ չէր եկեղեցուն, բայց ապրում էր քրիստոնեական սկզբունքներով, որը նույնն է ասում, ասում է՝ հարուստ է նա, որը տալիս է , ոչ թե հարուստը նա է, ով ունի: Ունեցողը հարուստ չէ, ունեցողը աղքատ է, հարստությունը երեւում է այն ժամանակ, երբ տալիս ես», -ասաց Սրբազանը:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաեւ ասաց, որ մնում է մեզ մաղթել, որ Քըրք Քըրքորյանի ժառանգները իմաստություն, խելք ու բարոյականություն ունենան շարունակելու իրենց մեծանուն հոր , պապի թողած ավանդը: Սրբազանը որպես օրինակ մեջբերեց Գալուստ Գյուլբենկյանի, Մանթաշովի ժառանգներին, որոնք մսխեցին նրանց ունեցվածքը: «Աստված տա, որ Քըրք Քըրքորյանի ժառանգները նույն ուղուն չհետեւեն»:
Կարդացեք նաև
Սրբազանը նաեւ ասաց, որ Քըրք Քըրքորյանը համեստ կենցաղով ապրող մարդ էր, ժուժկալ էր, թեեւ ուներ սեփական ինքնաթիռ, բայց օգտագործում էր իր գործի համար, ոչ թե մարդկանց զարմացնելու համար: «Հայաստանի հարուստները շատ բան ունեն սովորելու այս մարդուց», -ասաց Սրբազանը ՝նշելով, թե տա Աստված նման մարդիկ՝ տվողները, հատկապես հայրենիքին տվողները շատ լինեն մեր մեջ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ