Հուլիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը: Հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:
ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Նախարար Երիցյանը հանձնարարեց քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ և հնարավոր լուծումներ առաջարկել: Քննարկվեցին նաև այս պահի դրությամբ հանրապետության շուրջ 5 մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասները՝ ինչպես գյուղական տնտեսություններին, այնպես էլ՝ բնակարաններին: ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ բերեցին սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետներին հանձնարարեց շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարն անդրադարձավ նաև համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի խնդրին. մարզպետերը հավաստիացրեցին, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն՝ համայնքների կողմից ձևավորված պարտքերի շուտափույթ մարելու համար:
Գեղարքունիքի մարզպետարան