Հոսանքի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի որոշումը կասեցնելու պահանջով այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երեկոյան կգնան նախագահական նստավայր: Այնտեղ նստացույց կսկսեն, թե՞ քաղաքացիական անհնազանդության կդիմեն, նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց` ժողովուրդը կորոշի:
«Եթե պատասխան չեղավ, շարժվելու ենք Բաղրամյան 26, արդեն իսկ իր ականջի տակ պահանջը հնչեցնելու»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:
Նրա խոսքով, հոսանքի թանկացման իրենց պայքարը ուշացած չէ. «Տրանսպորտի սակագնի թանկացման որոշում չկա՞ր, բայց պայքարը հաջողության հասավ, Մաշտոցի պուրակում բուծիկները չկայի՞ն, բայց պայքարը էլի հաջողության հասավ, բուծիկները հանվեցին»:
Կարդացեք նաև
Հետո շեշտեց, որ հաջողության հասած իր թվարկած պայքարները վերաբերում էին միայն երեւանցիներին, իսկ հոսանքի թանկացումը համապետական խնդիր է. «Գյումրիում արդեն չորրորդ օրն է, կարելի է հումորով ասել, մեզնից մեկ քայլ առաջ են անցել: Սկսել են քաղաքացիական անհնազանդություն»:
Մաքսիմ Սարգսյանին այս պայքարը հիշեցնում է տրանսպորտի թանկացման պայքարը. «Որովհետեւ այս երեք օրվա ընթացքում մինչ այստեղ էինք, մի հատ կոչ facebook-ում` անձրեւանոցի կարիք ունենք, հաջորդ օրը մեզ մոտ մեկ տոպրակ անձրեւանոց էր, ջրի խնդիր ունենք, ջուր էին հասցնում: Ժողովուրդը տեղյակ է` էստեղ ենք, տարբեր կերպ աջակցել են»:
Ըստ նրա քաղաքացիները շատ ոգեւորված են իրենց պայքարով, իրենց մոտենում են խրախուսում, միանում. «Նստացույցի առաջին օրը մինչեւ լույս Ազատության հրապարակում է եղել 250 քաղաքացի, հաջորդ օրը` 430-ից ավելի, այս գիշեր մոտ 210 քաղաքացի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ