Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում Շիրակի մարզի բոլոր պաշտոնյաները հարգեցին ամերիկահայ մեր բարերար, ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը, իսկ Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ մատուցվեց նրա հիշատակին:
Նշենք, որ Քըրք Քըրքորյանի դերն անգնահատելի է աղետ տեսած Շիրակի մարզի համար: «Լինս»-ի հիմնադրամի միջոցներով Շիրակի մարզում 28 միլիոն դոլարի չափով գումար է ծախսվել քաղաքաշինական նպատակներով, կառուցվել է 2555 բնակարան, որից 27-ը՝ Ախուրյանում, մնացածը՝ Գյումրիում, վերակառուցվել է նաեւ Արեւշատի, Նոր Կյանքի ու Սարակապի դպրոցները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ կքննարկեն Գյումրիում որեւէ փողոց նրա անունով կոչելու հարցը:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ շուտով Ալեքսանդրովսկի փողոցը կվերանորոգեն ու կանվանափոխեն Քըրք Քըրքորյանի անվամբ ու հենց այդ փողոցում կտեղադրեն նրա կիսանդրին:
Նշենք, որ Գյումրիում կա հուշաքար ազգային հերոսի անվամբ. այն գտնվում է Գյումրու Սովխոզ թաղամասում, հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է:
Նկատենք, որ ազգային հերոսի հիշատակը հարգեցին նրա լուսանկարի մոտ ծաղիկներ դնելով, առանց ելույթների:
Միակ ելույթ ունեցողը Միքայել Սրբազանն էր :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ