Այսօր ԱԺ-ում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից 150 մլն դոլարի վարկային հերթական համաձայնագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց՝ Արաքսի հունից ավա՞զ է դուրս բերվել, մամուլում հրապարակում է եղել, որ դրանից գետի հունը փոխվել է:
Հիմնական զեկուցող, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, խոստացավ ճշտել:
Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բողոքեց, որ եթե փորձեն միասին անցնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի այն հատվածը, որն արդեն կառուցված է, բետոնապատման աշխատանքները կատարված են, կտեսնեն, որ այդ ճանապարհն անհարթ է. «Նույնը նկատել եմ Երեւան-Արարատ հատվածում, ոչ միայն Երեւան-Աշտարակ: Իմ ունեցած ինֆորմացիայով խոսք է գնում, որ տեխնիկայի հարց է եղել, արդուկ է կոչվում, չգիտեմ ինչ, այդ սարքը, որը հավասարեցնում է բետոնը եւ երկրորդ խնդիրը եղել է բետոնի որակը: Ենթադրենք, հիմա փորձաքննություն ենք անցկացնում, ի՞նչ ենք անելու, հարյուրավոր միլիոններ ենք դրել այդ ճանապարհի վրա, ո՞նց ենք վերանորոգելու»:
Կարդացեք նաև
Հետո Հովհաննես Մարգարյանն ասաց՝ եթե պետք է 90 կմ/ժ արագությամբ երթեւեկեինք, այդքան գումար ինչի՞ էինք ծախսում, հինը կվերանորոգեինք. «Այդ ճանապարհը, բետոնե ճանապարհների հետ համեմատած, եթե մենք խոսում ենք միջազգային չափորոշիչների մասին, փառք Աստծո, եղել ենք, միջազգային ճանապարհներով երթեւեկել ենք, մեր ճանապարհներին հիմա 30-50 արագությամբ ենք երթեւեկում, նախատեսված է, որ հետո կլինի 110 արագություն: Եթե 30-50 արագությամբ ես գնում էդ ցնցումների մեջ, բա 110 արագությամբ որ գնաս՝ ուղեղի ցնցում կստանաս: Աղմուկը շատ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ