Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը՝ նստացույցի մասին. «Պետք է երիտասարդությանը օգնել»

Հունիս 22,2015 15:36

«Մենք արդեն հասկանում ենք, որ հոսանքի շուրջ տեղի են ունենում խայտառակ մեքենայություններ, եւ այդ մեքենայություններն արդեն դուրս են գալիս ջրի երես»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը եւ Ազատության հրապարակում տեղի ունեցող նստացույցին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքերով՝ Ազատության հրապարակում կազմակերպված նստացույցը քաոտիկ բնույթ է կրում եւ շատերի մոտ կասկածամտություն հարուցում. «Մենք հասկանում ենք, որ երիտասարդները դեռ ի վիճակի չեն ուժեղ քաղաքական պահանջ բարձրացնել եւ ուժեղ տակտիկա կիրառել: Ինձ համար մտահոգիչ է մի բան, որ այս հոսանքի թանկացման մեջ հստակ չի նշվում սկզբնաղբյուրը, որովհետեւ Բիբինի այդ ելույթը, ռուսական խայտառակ այդ պահվածքը մի պահ առկայծեց թե՛ մամուլում, թե՛ քարոզչական դաշտում եւ դարձյալ մարեց: Հիմա դարձյալ ուշադրությունը նրա վրա է, թե ինչ է կատարվում իշխանությունների հետ: Իշխանություններն ուղղակի լռելյայն եւ ստրկաբար հետեւում են ռուսական իշխանության հրահանգներին բոլոր ոլորտներում՝ լինի դա էներգետիկ ոլորտ, լինի դա Մաքսային միություն, լինի դա կարեւորագույն քաղաքական նշանակության հարց, օրինակ՝ իրանյան գազը, որը կարող էր մեր վիճակը բավականին թեթեւացնել:

Այդ պատճառով՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագետները պետք է հասկանան, որ պետք է երիտասարդությանը օգնել, ոչ թե նրանով, որ հայկական սովորույթ կա, գնալ կողքին կանգնել: Կողքին կանգնելը նշանակում է այդ պահանջին գրագետ ձեւակերպում տալ, մամուլում հնչում են նման գրագետ ձեւակերպումներ, բայց ցավոք իրենք կղզյակային են. Անհատներն են խոսում: Մի շարք կուսակցություններ, թեկուզեւ մեր կուսակցությունն էլ է խոսում բավականին հաջող եւ գրագետ, բայց խնդիրն այն է, որ դա պետք է դառնա հանրային օրակարգ»:

Նկատառմանը, որ կարծես թե 3-օրյա նստացույցն իր արդյունքը չտվեց, Անուշ Սեդրակյանն ասաց. «Երկու տիպի արդյունք կա՝ ռազմավարական արդյունք, երբ որ հասնում ես վերջնական նպատակին, կա տակտիկական արդյունք, երբ որ դու դեռ սովորում ես ինքնակազմակերպվել: Տա՛ Աստված, որ այս դասընթացները, որ այս ինքնաբուխ քաղաքական կազմակերպման սեմինարները վերջ ի վերջո հանգեցնեն նրան, որ մենք ունենանք արդեն կազմակերպված շարժում, բայց այս կղզյակները պետք է անպայման ձեւավորվեն եւ անպայման պետք է ինքնուրույն աշխատեն, այսպես կոչված՝ քաղաքական գրագիտություն եւ մարտավարության գրագիտություն իմանալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930