Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետական պարտքը չկարողանանք տալ, ստիպված դիմացը գույք ենք տալու (Տեսանյութ)

Հունիս 22,2015 15:23

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020 թ-ին կազմելու է ՀՆԱ-ի 62 %-ը: Այսպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամը: Մինչդեռ սահմանագիծը 50 %-ն է, որն անցնելու դեպքում տվյալ երկիրը կկանգնի տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Այդ ցուցանիշով պայմանավորված այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է պետական արտաքին պարտքի մասին օրենքներում փոփոխություն կատարելու հարցը: Պետական պարտքի սահմանագիծը կհասցվի 60 տոկոսի, ինչը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, արտաքին պարտքն ավելացնելու օրենսդրական հիմնավորում է, որպեսզի չասեն, որ օրենքը խախտեցինք:

Այդուհանդերձ պարոն Խաչատրյանը գտնում է, որ պետական պարտքի առումով Հայաստանն այնքան էլ վատ վիճակում չէ, ինչպես օրինակ մի շարք երկրներ ԱՄՆ-ն, որի պարտքն այս պահի դրությամբ ՀՆԱ-ի 105 %-ն է կամ` Հունաստանը, որի պետական պարտքը 172 % է, Ճապոնիայինը` 246 %, Իտալիայինը` 133 % եւ այլն: Հայաստանի արտաքին պետական պարտքն այս պահի դրությամբ կազմում է ՀՆԱ-ի 51,3 տոկոսը` 4,4 միլիարդ դոլար:

Aravot.am-ի հարցին, թե եթե երկիրը միջոցներ չունի, ինչպե՞ս է փակելու պարտքը պարոն Խաչատրյանն ասաց, որ ճիշտ է, դեռ Հայաստանը չի հասել վտանգավոր սահմանագծին, սակայն եթե չկա տնտեսական աճ եւ պետք է սպասարկել պետական պարտք, «աբսուրդի ժանրից է»: Ըստ Վիլեն Խաչատրյանի. «Երբ քո տնտեսական աճը քիչ է եւ չի հերիքում պարտքդ սպասարկելուն, ապա դու քո հիմնական միջոցների հաշվին պետք է սպասարկես պարտքը, իսկ հիմնական միջոցները, հիմնականում, լինում է կամ մասնավորեցում, որին ականատես ենք լինում, կամ պարտք վերցնելով»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ եթե պետական պարտքը երկիրը չի կարողանում վճարել, ապա ի՞նչ է սպասվում տվյալ երկրին, տնտեսագետն ասաց. «Տվյալ երկրում հայտարարվում է դեֆոլտ եւ այդ երկիրն իր տնտեսական գործունեությունից դառնում է անհուսալի: Այսինքն, եթե որեւէ մեկը փորձի պարտք տա, այդ երկրին, իրեն ասելու են` մի րոպե, նա մեզ պարտք է, փող ունես նրան տալու, մեզ տուր»:
Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով ակցիզային հարկի մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին` տնտեսագետն ասաց, որ սա այն հարկատեսակներից է, որ կախված չէ տնտեսական գործունեությունից, պարզապես թիվ է, որը վճարում է սպառողը. «Ինչքան էլ ասեն, որ դա սպառողի վրա չի ազդելու` այդպես չէ. սա առաջացնելու է գնաճ: Այս դեպքում մեր ապրանքները մրցունակ չեն լինելու դրսում: Հարկերը բարձրացնելով` մեր արտադրողները ևս մեկ բաղադրիչով ԵՏՄ-ում կորցնելու են մրցունակությունը: Բերվում են այնպիսի փաստեր, որ նման տիպի բարձրացման արդյունքում մեր ՀՆԱ-ի կորուստը կկազմի մոտ 45 միլիարդ»:

Ըստ նրա, օրենսդրական գրեթե բոլոր բաղադրիչներն ավելացնում են բնակչության վատ ապրելու հնարավորությունը, ինչպես օրինակ էներգակիրների թանկացումը, որն ի վերջո բերելու է այդ ապրանքի սպառման նվազմանը: Պարոն Խաչատրյանի կանխատեսմամբ, էլեկտրաէներգիայի հասույթը նախատեսվում է 204 միլիարդ, սակայն 10 տոկոսով կրճատվելու է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930