Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները «տուպիկի» մեջ են դնում փոխնախարարին. «Որեւէ մեկը մեզ տուպիկի մեջ դնել չի կարող» (Տեսանյութ)

Հունիս 22,2015 15:15

ԱԺ նիստում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի եւ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի բանավեճից հետո ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպիսի գնահատական տվեց. «Արդեն ավանդույթ, է, որ երբ կառավարության ներկայացուցչին պատգամավորը տուպիկային՝ փակուղային հարցադրում է ներկայացնում, նրան հրավիրում են կաբինետային զրույցների»:

Փոխնախարարը պատասխանեց. «Ոչ թե տուպիկի մեջ են դնում կառավարության ներկայացուցչին, որովհետեւ այս ծրագրի մասին մասնավորապես մեր նախարարության համապատասխան պատասխանատուները գիտեն այնքան, որ վստահեցնում եմ ձեզ, որեւէ մեկը մեզ տուպիկի մեջ դնել չի կարող: Հնչեց կարծիք, ես հրավիրեցի այդ կարծիքի քննարկմանը՝ հիմնված շատ խիստ որոշակի ցուցանիշների վրա՝ նախագծային փաստաթղթերի վրա, որոնց ծավալը կազմում է ավելի քան 10 հազար էջ: Եվ խոսել այս դահլիճում, ներկայացնել տեսակետներ հնարավոր չի: Այլ կերպ հնարավոր չէ, քան այդ կաբինետային մասնագիտական քննարկումը»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ ամենասկզբի պայմանագրում ե՞րբ պետք է ավարտվեր ծրագիրը. «Եթե չեմ սխալվում ծրագիրն այն ժամանակ 700 մլն դոլար էր: Ե՞րբ է ավարտվելու եւ որքա՞ն եք դուք գրաֆիկից շեղվել՝ քանի տարի»:

Փոխնախարարը պատասխանեց, որ աչքաչափով շինարարության ծախսերի մասին այլ արժեք հրապարակել հնարավոր չէր: Նա ասաց, որ արդեն պատվիրել են ամբողջ ճանապարհահատվածի համար ունենալ նախագծային աշխատանքներ, որպեսզի կարողանան խոսել ծրագրի վերջնական գումարի մասին. «Այլ գնահատական հնչեցնելը կլինի դարձյալ նախնական եւ անլուրջ: Ինչ վերաբերում է 700 մլն-ին,կարճ ասեմ՝ ես նման գնահատական չեմ լսել: Տարբեր են եղել գնահատականները: Եղել է ուսումնասիրություն, որը 1 երթեւեկելի գոտով ճանապարհ էր նախատեսում, այն ժամանակ եղել է գնահատական 900 մլն դոլար: 2015-ի ավարտին հնարավորություն կունենանք ավարտական նախագծային աշխատանքների հիման վրա հնչեցնել մի գումար, որը հետագայում շատ չնչին տոկոսով կտատանվի»:

Արամ Մանուկյանը նաեւ հարց ուղղեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի աղմկահարույց հայտարարությունների մասին՝ շինարարության չարաշահումների հետ կապված: Նա հարցրեց. «Որեւէ մարդ պատժվե՞լ է, թե՞ ոչ»:

Փոխնախարարը որեւէ պատասխան չտվեց: Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Կոնկրետ պատասխանելը սիմպատիա է բերում, ինձ դարձնում է ձեր համախոհը, պատասխաններից խուսափելը կասկածներ է բերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930