«Չի բացառվում, որ մի շարք պետական պաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, ինչը կարող է երկրում քաղաքական լարվածության նոր աստիճանի հանգեցնել»,-Aravot.am-ի հարցին` Թբիլիսիի ջրհեղեղը երկրի քաղաքական համակարգի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ, այսպես պատասխանեց վրաց փորձագետ Զաալ Անջափարիձեն:
Նշենք, որ ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվեց «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն հայաստանյան մեդիայի համար. Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» նախագծի շրջանակներում` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Դառնալով ջրհեղեղի` քաղաքական հետևանքներին, փորձագետը նկատեց, որ այդ փաստը հաճախ օգտագործվել է քաղաքական նկատառումներով. «Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այս շրջանում իրեն ենթակա ԶԼՄ-ների միջոցով իրականացնում էր երկրի իշխանությունների նկատմամբ հակաքարոզչություն` փորձելով երկրում քաղաքական լարվածության աստիճանը մեծացնել, հասարակությանը լարելով իշխանությունների հանդեպ: Ըստ փորձագետի` դա առանձնապես արդյունք չտվեց:
Զաալ Անջափարիձեն ամփոփեց. «Չեմ կարծում, որ առանձնապես մեծ քաղաքական փոփոխություններ լինեն, եթե իհարկե, իշխանությունները ճակատագրական սխալներ չգործեն»:
Կարդացեք նաև
Մեր մյուս հարցին` ինչո՞վ են պայմանավորված ՆԱՏՕ-ի` Վրաստանի անդամակցության վերաբերյալ ձգձգումները, քանի որ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցելու մասին օրակարգը դեռևս չի ձևակերպվել, Վրաստանին բարեփոխումներ են անհրաժեշտ, Զաալ Անջափարիձեն պատասխանեց. «Ռուսաստանի խիստ դիրքորոշումը, ուկրաինական ճգնաժամը, Վրաստանի տարածքում երկու էթնոաշխարհագրական հակամարտությունների գոյությունը, երկրի տնտեսական վիճակը, քաղաքական և ենթակառուցվածքային բարեփոխումների ոչ բավարար մակարդակը, ՆԱՏՕ-ի ներքին հակասությունները այն գործոններն են, որոնք ազդեցություն են ունենում այս գործընթացի ձգձգման վրա»:
Միևնույն ժամանակ փորձագետը հիշեցրեց, որ 2008-ի` Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը ուժի մեջ է, որով նախատեսվում է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը:
Մեր մյուս հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե հեղաշրջումից հետո Ուկրաինան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը և շուտով այդ երկիրը կվերադառնա 20 տարի առաջվա վիճակին, երբ իշխանության գլխին էր Վիկտոր Յանուկովիչը, վրաց փորձագետն արձագանքեց. «Ծանոթ չեմ Սաակաշվիլիի այս հայտարարությանը, ուստի կդժվարանամ գնահատական տալուց: Ինչ վերաբերում է Մայդանից հետո Ուկրաինայում իրավիճակին, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ իրադարձություններից հետո երկրում իրավիճակը կտրուկ վատացել է»:
Լրագրողների խնդրանքով վրաց փորձագետը անդրադարձավ նաև վրաց-ռուսական հարաբերություններին: Հարցին` արդյոք հավանական համարո՞ւմ է վրաց-ռուսական հարաբերությունների բարելավումը, փորձագետը պատասխանեց, որ դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ Վրաստանը հաշտվի Ռուսաստանի կողմից թելադրված նոր իրավիճակի հետ. օրինակ` հաշտվի այն հանգամանքի հետ, որ կորցրել է Հարավային Օսեթիան և Աբխազիան, սակայն Վրաստանի իշխանությունը չի գնա այդ քայլին:
Ըստ փորձագետի` ուկրաինական ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել նաև Վրաստանի տնտեսության վրա: Օրինակ` կտրուկ նվազել են Վրաստանից Ուկրաինա արտահանման ծավալները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ