Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը զարմացած է՝ 20 կմ ճանապարհ կառուցելու համար ծախսում են $150 մլն դոլար, 304 կմ-ի համար՝ $100 մլն

Հունիս 22,2015 14:38

ԱԺ-ում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ նախագծի հիմնական նպատակն է, որ անալոգային հեռուստատեսային ազդանշանակը, որի անջատման ժամկետը գործող օրենքով նախատեսված էր մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը, հետաձգել մինչեւ 2016-ի հունվարի 16-ը: Այդ ընթացքում կառավարությունը մտադիր է պետության կողմից թվային ազդանշանի ընդունիչը տրամադրել սոցիալապես անապահով խավերին:

Այս պահին խորհրդարանը քննարկում է հերթական վարկային ծրագիրը՝«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար: Այս անգամ 150 մլն դոլարի ներդրումային վարկը տրամադրվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից: Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի մեկնարկից 5 տարի անց:

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը փոխնախարարին դիտողություն արեց. «Երբ ուսումնասիրում եմ վարկային պայմանագրերը եւ ձեր տեղեկանքը, դրանք չեն համապատասխանում իրար: Տեղեկանքում Տրանշ-1-ի համար գրված է 30 կմ, որի համար 70.4 մլն դոլար է նախատեսված: Բայց Տրանշ-1-ը պայմանագրով հաստատված է 56 կմ՝ 4 շերտով: Խոսքը Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արարատ 4 շերտանի ճանապարհի մասին է»:

Հետո Հակոբ Հակոբյանը 2013-ի նոյեմբերի 7-ի համաձայնագրի հետ համեմատեց, որտեղ Թալին-Լանջիկ ճանապարհը՝ 17 կմ-ը կառուցվել է 100 մլն դոլարով, այն դեպքում, երբ Արտաշատ-Քաջարանը 304 կմ-ն են կառուցել 100 մլն-ով. «Անհամատեղելի են 17 կմ-ը 100 մլն դոլարով եւ 304 կմ-ը՝ 100 մլն-ով: Հիմա էլ այս պայմանագրով 20.5 կմ ճանապարհն եք նախատեսել կառուցել 150 մլն դոլարով: Ուզում եմ բացատրեք՝ էդ 20.5 կմ-ը էդ ի՞նչ ինժեներական կառույց է, որ արժի 150 մլն դոլար, եւ այդ 304 կմ ճանապարհը ինչ ճանապարհ էր, որ արժեր 100 մլն դոլար»:

Հիմնական զեկուցող Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ ծրագիրն ու պայմանագիրը համապատասխանում են, ոչ մի սխալմունք չկա. «Շատ դիպուկ էր ձեր ասածը, որ ո՞նց կարող է այս ճանապարհի 1 կմ-ի կառուցումը արժենա, օրինակ, 2 մլն դոլար, այլ հատվածում՝ 3-4 կամ ավելի: Տրանշ-1-ի հատվածում ջրագիծը մեկին մեկ կրկնում էր առկա ճանապարհի 4 երթեւեկելի գոտիներով առկա ճանապարհը, այնտեղ կատարվող ծախսերը համապատասխանաբար նվազ է»:

Փոխնախարարն ասաց, որ պատգամավորը մասնագետ չէ, այլապես ավելի լավ կկարողանար բացատրել, որ հողային աշխատանքների վրա տնտեսումների են մի դեպքում գնացել, հիմքերի նախապատրաստման համար քիչ միջոցներ են ծախսել: Նա ասաց, որ մի դեպքում 1 երթեւեկելի գոտի ունեցող ճանապարհի մասին է խոսքը, մյուս դեպքում՝ 4 երթեւեկելի գոտի ունեցող. «Ինչ վերաբերում է այս պայմանագրով 20 կմ հատվածին, որի համար կծախսվի 150 մլն դոլար, սա մեր բարդ լեռնային գոտին է»:

Հակոբ Հակոբյանը պնդեց, որ վարկային համաձայնագիրն ու կառավարության ներկայացրած տեղեկանքը, այնուամենայնիվ, չեն համապատասխանում իրար. «Եթե դուք մասնագետ չեք, ես մասնագետ եմ: Ցանկացած դեպքում չեմ կարողանում հասկանալ, որ 18 կմ Թալին-Լանջիկ ճանապարհը պետք է արժենա 100 մլն դոլար, եւ 304 կմ Արտաշատ-Քաջարան ճանապարհը էլի պետք է լինի 100 մլն դոլար: Ես Արտաշատ-Քաջարան ճանապարհին շատ լավ ծանոթ եմ, ոտքով անցել եմ ամբողջ տրասան»:

Տեսնելով, որ Հակոբ Հակոբյանին չի կարողանում համոզել, փոխնախարարը նրան հրավիրեց մասնակցելու ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ տեղում բացատրություններ տալու, թե 1 սմ ճանապարհի կառուցման համար անգամ ինչ ծախս են անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930