Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեղադրել է աշխարհի մեծ ուժերին այն բանի համար, որ նրանք քայլեր չեն ձեռնարկել այն ժամանակ, երբ հրեաները, քրիստոնյաները, համասեռամոլները եւ այլք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղափոխվում էին Եվրոպայի մահվան ճամբարներ:
«Sunjournal»-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը այս խիստ գնահատականները արել է Հյուսիսային Իտալիայում տեղակայված Թուրին քաղաք այցելության ընթացքում, երբ հանդիպում է ունեցել երիտասարդների հետ:
«Մեծ ուժերը ունեցել են երկաթուղային գծերի լուսանկարները, որոնց միջոցով գնացքները սպանելու նպատակով Աուշվիցի նման համակենտրոնացման ճամբարներ էին տանում հրեաներին, ինչպես նաեւ քրիստոնյաներին եւ համասեռամոլներին: Ասեք ինձ. ինչո՞ւ նրանք չէին ռմբակոծում այդ երկաթուղային գծերը»,- մասնավորապես նշել է Հռոմի պապը:
Նա նաեւ անդրադարձել է հայերի մեծ ողբերգությանը՝ Հայոց ցեղասպանությանը. «Շատերը մահացան: Անցյալ դարում մահացել են այդքան շատ, միլիոնավոր հայեր։ Ո՞ւր էին նայում գերտերությունները։ Նրանք ուրիշ կողմ էին նայում»:
Կարդացեք նաև
Հռոմի պապը նաեւ ասել է, որ այսօրվա աշխարհում ամեն ինչ արվում է փողի համար: Նա քննադատել այն երկրներին, որոնք խաղաղություն են քարոզում եւ զուգահեռ զենք են արտադրում ու վաճառում:
Ֆրանցիսկոսը վերահաստատել է իր տեսակետը, թե այսօր աշխարհում առկա հակամարտությունները հավասարազոր են Երրորդ համաշխարհային պատերազմի:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ