Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը պատգամավորներին բացատրում է, թե բառարանով ինչ է նշանակում վարկ

Հունիս 22,2015 13:08

ԱԺ-ում այսօր շարունակվեց դեռ նախորդ նիստում ընդհատված «ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր վարկային համաձայնագիրը»: Այդ ծրագրով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ներգրավվել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ նախ պետք է ճշտել՝ այդ վարկը տալիս են համայնքների գոյատեւման համա՞ր, թե՞ զարգացման. Եթե գոյատեւման համար են տալիս, տվյալ համայնքը չի կարող զարգանալ, եթե որոշակի արտոնություն չտրամադրվի: Եթե համայնքն ունի խմելու ջրի խնդիր, պարզ է, որ դա գոյատեւման խնդիր է: Բայց եթե համայնքն ունի ոռոգման ջրի խնդիր եւ անասնաբուծությունը զարգացնելու համար պետք է ոռոգման ջրի հետ կապված վարկ տանք, պարտադիր է, որ նաեւ արտոնություն տանք: Ինչքան էլ ուզում եք վարկ տաք, գյուղացին չի կարող օգուտ ունենալ, եթե կաթը սպառման կենտրոններում է վաճառում: Ճանապարհը երկար է, մինչեւ գնում-գալիս են, ավելի քիչ են վճարում 1 լիտր կաթի դիմաց»:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ բոլորը մտահոգված են, թե վարկերն ինչպես պետք է վերադարձնենք եւ ինչպես պետք է ծախսենք:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարկ համարեց նախ իր գործընկերներին բացատրել, թե բառարանով ինչպես է բացատրված վարկ բառի նշանակությունը. «Վարկը ոչ միայն թվերն են, ոչ միայն գումարն է, ոչ միայն թվաբանություն է: Վարկ բառի բառարանային բացատրությունը նաեւ մարդու վարկն է, մարդու հեղինակության մասին է, քաղաքական ուժի, քաղաքական գործչի հեղինակության մասին է: Վարկ բառը շատ բազմիմաստ բառ է»:

Ըստ Մարգարիտ Եսայանի, հիմա Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը ՀՀ-ին համարում է վարկունակ պետություն,վստահելի պետություն, այնպիսի պետություն, որը զարգացման ճանապարհ է անցնում եւ այստեղ խնդիրներ ունի աղքատության վերացման համար: Այս բանկը մեզ համարում է այնպիսի պետություն, որին կարելի վստահել, գումար հատկացնել. «Մեր գործընկերները խոսում են՝ վարկերը ինչպես պետք է ծախսվեն, ինչպես պիտի վերահանձնեն: Կոնկրետ այս վարկը մշտապես օգտագործվել է հավուր պատշաճի, այնպես, ինչպես պետք է ծախսվեր: Դրա ապացույցը որոնելու կարիք չկա: Պետք է գնալ ՀՀ քաղաքների ու գյուղերի դպրոցներ: Սա ամենատեսաների վարկերից մեկն է, որը մեր պետությանը տրվել է: Պետք չի կանգնել այստեղ եւ ճառեր ասել, պետք է գնալ այն գյուղերը, այն դպրոցները, որոնք կառուցվել եւ վերակառուցվել են այդ վարկային ծրագրի հաշվին»:

Լսելով Մարգարիտ Եսայանին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ եթե միշտ այսպես ջերմ ելույթներ ունենա, բոլոր վարկերը գրանտներ կդառնան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930