«Ոչինչ, ինչ անենք, մենք էլ ենք մարդ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը`մեր դիտարկմանը`այդ ի՞նչ պատմությունների մեջ է հայտնվել ձեր մեքենան:
Հիշեցնենք, որ հայտնի քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, հունիսի 19-ին բերման ենթարկվելու ժամանակ եղել է Սեդրակ Սարոյանի մեքենայով։
Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ եւ օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելուն պես՝ պատգամավորից խնդրել է նրա «Բենթլի»-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն: Պատգամավորը դեպքի մասին իմացել է միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թեւոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաեւ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:
Սեդրակ Սարոյանը չցանկացավ խոսել կատարվածի, իր եւ Թեւոսիկի մտերմության մասին: «Դե, լավ էլի»,- մեր հարցերին ի պատասխան ասաց նա ու ձեռքը թափ տալով մտավ սենյակ:
Սենյակից դուրս գալով`«Լավ ա, լավ ա» ասաց ու Մանվել Գրիգորյանի հետ շտապեց նիստերի դահլիճ:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում գեներալը նշեց. «Ինքը չուժոյ մարդ չի, բարեկամ ա, հո չեմ հրաժարվի իմ բարեկամից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ