Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի կոչը «Գանձերի կղզին» չկարդացած, քիթը Նորագավիթից այն կողմ չանցկացրած մարդկանց

Հունիս 22,2015 14:00

ՀՀԿ-ական պատգամավորը համակարգիչների առջեւ նստած
բանակը քննադատողներին թշնամի ու դավաճան է անվանում

«Ես չգիտեմ՝ Ադրբեջանին ինչ-որ բան զսպո՞ւմ է: Ես չեմ կարծում՝ իրենց ինչ-որ բան կզսպի»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն ինչքանո՞վ կնպաստի, որ Ադրբեջանը զսպի իր ագրեսիվ քաղաքականությունն ու զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելը:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բորդյուժան օրերս հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, եւ իր տարածքում իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալ անհրաժեշտ օգնությունը:

Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «Կան փաստաթղթեր, ստորագրություններ, բայց միայն մենք ենք, որ բարոյական ենք եւ իսկապես մեր խոսքը պահում ենք: Ես չեմ դադարում հիանալ մեր կամքով: Գիտե՞ք ինչ ծանր է հավասարակշռությունը պահել այս պայմաններում: Ես անընդհատ դրա մեջ եմ ու գիտեմ՝ դա ինչ է: Ուղղաթիռի դեպքից հետո ես ուղղակի ջախջախված էի, որովհետեւ 1994-ից հետո առաջին անգամ էր անդրադարձ օդուժին: Եվ փառք ու պատիվ մեր հետախույզներին, որ օպերացիա կազմակերպեցին ու բերեցին օդաչուների դիերը: Այդ կազմակերպած օպերացիան պատմության մեջ կարող է մտնել, թե ինչպես են մեր տղաները 2 ժամ 45 րոպե այդ կրակահերթի տակ բերել իրենց ընկերների մարմինները: Ես հպարտ եմ եւ հիացած եմ: Մերոնք միշտ ոգու եւ խելքի հաղթանակ են տարել: Մեր հաղթանակը հենց դա է: Ես չեմ թերագնահատում մեր զինուժը, բայց ես նաեւ գիտեմ, թե ինչ հարուստ է մեր թշնամական պետությունը եւ ինչի են պատրաստ»:

Անցյալ տարի Շուշան Պետրոսյանը մի աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, որ «Կուզեի «Եվրատեսիլում» հաղթեր Ադրբեջանը»: Այս հայտարարությունը սվիններով ընդունվեց հասարակության կողմից եւ արժանացավ բուռն քննադատության:
Այս առնչությամբ Շուշան Պետրոսյանը պարզաբանեց. «Ես դա պատահական չէի ասում, որովհետեւ եթե իրենք հաղթեին, գումար էին ծախսելու: 20 մլն եվրոյի ծախս էին արել այդ տարի, այդքան գումարի զենք չէր առնվելու մեր դեմ: Ես այդ տեսանկյունից էի ասում: Բայց սխալ ընկալվեց, ու սկսեցին քննադատել ինձ: Հասկացողը հասկացավ, եւ նույնիսկ մարդիկ կային՝ ազարտի մեջ ընկան՝ իսկ ինչո՞ւ ոչ, եկեք ձայն տանք Ադրբեջանին, թող հաղթեն»:

Շուշան Պետրոսյանը բավականին հաճախ է լինում մարտական դիրքերում: Խոսելով Արցախյան պատերազմի մասնակիցների եւ այս պահին մեր սահմանին կանգնած զինվորի մարտական ոգու մասին՝ նա ասաց. «Ես միշտ բարձրաձայնել եմ, թե մեր սերունդը, այն սերունդը ուրիշ էր, որ սա «Գանձերի կղզին» չկարդացած սերունդ է եւ այլն: Բայց գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ առջեւում կանգնած արժանապատիվ հայ զինվորը հեչ պարտադիր չի, որ «Գանձերի կղզին» անպայման կարդացած լինի: Ի վերջո, առաջ որ կռվել են, հո ինտելեկտուալ չափանիշներով չե՞ն դատել: Բայց կոչս «Գանձերի կղզին» չկարդացած, կոմպյուտերների առաջ նստած եւ բանակը քննադատողների մասին է: Նույնիսկ քիթը Նորագավիթից այն կողմ չանցկացրած մարդիկ որ խոսում են բանակի մասին, ուղղակի ավելի մեծ թշնամություն եւ ավելի մեծ դավաճանություն, քան դա է՝ ես չգիտեմ: Ախր մի հատ գնացեք տեսեք՝ այդ երեխաները ոնց են ծառայում, ինչ արժանապատվությամբ, պետք է տեսնեն՝ ինչ երեխեք են: Պահածոների տուփերի ետեւում սահմանի վրա խաղաղություն են պահում ու ո՛նց են պահում: Այն ժամանակ ոգու կռիվ էր, ոգով էին գնում: Ապահով ընտանիքներից մի քանիսին գիտեմ, որ նույնիսկ բանակ չէին գնացել պապաները, տղերքը գնացին ու ոնց գնացին: Դա ուրիշ բան էր, վերջին րոպեին ոգու պոռթկում էր, անբացատրելի մի բան: Մենք, առհասարակ, անբացատրելի ենք»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ անցյալ տարի իր համար «տարվա մարդը» հայ զինվորն էր:
«Ռուբեն Հովսեփյանը օգոստոսյան դեպքերից հետո, երբ սահմանի վրա իրավիճակը լարված էր, ասաց՝ «տեսնո՞ւմ եք մի րոպեում ոնց դարձանք հայրենիք: Դա ինձ համար տարվա արտահայտությունն էր: Ընդդիմություն-դիմություն չկար: Հոգիս այնքան բերկրանք է ապրում, երբ բանակի հետ կապված հարց է, եւ բոլորը կողմ են քվեարկում, որովհետեւ երկրի խնդիրը մի հատ է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930