Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդ արվեստագետներն առաջիկայում կիրականացնեն իրենց խենթ մտահղացումները եւս

Հունիս 22,2015 13:00

Վերջին շրջանում սկսել են Հայաստանում էլ բեմադրել ժամանակակից պարային, բալետային համարներ: Իսկ օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ» ներկայացման պրեմիերան՝ ըստ Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության, որտեղ միաձուլված էին դասական, ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ եւ հիփ-հոփ պարաոճերը: Շուտով նույն թատրոնում կկայանա Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով «Արշիլ Գորկի» ներկայացման առաջնախաղը, որը բեմադրված է մոդեռն ոճում:

«Առավոտը» ժամանակին ներկայացրել է պարարվեստի ոլորտում երիտասարդ ռեժիսորների ու արտիստների: Նախօրեին զրուցեցինք իրենց կարիերան նոր-նոր սկսող երիտասարդ արվեստագետներ Լուսինե Դավթյանի եւ Հայկ Փայտյանի հետ:

Համազգայինի թատրոնում Լուսինե Դավթյանի ռեժիսուրայով «Անջրպետ» պարային ներկայացմանը՝ ըստ Պավել Վեժինովի վեպի, ներկա ենք գտնվել, ընդ որում՝ հանդիսականը ջերմ ընդունելով դա, նշում էր նաեւ դարձյալ այդ թատրոնում Լուսինեի բարձրարվեստ գլխավոր դերապարը Վալենտին Տատաեւի «Յոթնագույն ծաղիկ» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Աննա Վարդանյան): Ի դեպ, «Անջրպետը» այս տարի կայացած «Արտֆեստ» փառատոնում արժանացել է արծաթե մեդալի: Նշենք նաեւ, որ «Անջրպետը» միջազգային գրական արժեք է, ըստ որի ֆիլմ է նկարահանված: Իսկ պարային լեզվով այն ներկայացվում էր առաջին անգամ:

Hayk_Paytyan

Հայկ Փայտյանը՝ «Ե՞րբ» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Ռ. Գրիգորյան):

Հայկ Փայտյանի անունը մեզ հայտնի դարձավ դրամատիկական թատրոնում նրա ռեժիսուրայով բեմադրված Պուշկինի «Մոցարտը եւ Սալիերին» ներկայացումից: Այստեղ Մոցարտը ներկայացված էր ավանգարդ պարաոճում, իսկ Սալիերին՝ դասականում: Մասնագիտությամբ դրամատիկական թատրոնի ռեժիսորն աշխատել էր խոսքը ձուլել պարի եւ մնջախաղի հետ, ինչը մասնագետների կարծիքով՝ հաջողվել էր նրան: 2014թ. «Արտֆեստ» փառատոնում Հայկի աշխատանքներից մեկը՝ «Երեք կապիկները», ըստ ճապոնական փիլիսոփայության, «Արտֆեստ» փառատոնում արժանացել է բրոնզե մեդալի:

Մեզ հետ զրույցում Լուսինե Դավթյանն ասաց, որ իբրեւ պարարվեստի ոլորտում ռեժիսոր, իրականացրել է 4 բեմադրություն, իսկ որպես պարուհի՝ ընդգրկված է եղել Բրեխտի «Երեք գրոշանոց» օպերայում (ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան), «Ընդվզում» եւ «Ջրահարսը» ներկայացումներում (ռեժիսոր՝ Վիկտորյա Մատվեեւա)՝ դարձյալ գլխավոր դերապարերով: Հայտնեց նաեւ, թե ունի բեմադրված մեկ գործողությամբ պարային ներկայացումներ սեփական լիբրետոյով, այդ թվում՝ «7 մեղք», «Պատրանք»:

Հայկ Փայտյանն էլ նշեց, որ իր ու գործընկերների գերնպատակն է Հայաստանում տարածել պարն ու պարային բեմադրությունները ժամանակակից ռեժիսուրայով, քանի որ մեզանում չկան պրոֆեսիոնալ պարի դպրոցներ:

Մեր զրուցակիցներին խնդրեցինք ծանոթացնել իրենց ապագա ծրագրերին: Նրանք առանց մանրամասնելու հայտնեցին, որ ճանաչված ռեժիսոր Լեւոն Իվանյանը հրավիրել է նոր ձեւավորվող WEB համերգասրահ, որտեղ երիտասարդները կարող են իրագործել իրենց խենթ գաղափարները: Խնդրեցինք փոքր-ինչ բացել «խենթ գաղափարներ» ասվածը: Լուսինեն ու Հայկը տեղեկացրին, որ, օրինակ, այդ համերգասրահում հնարավոր է, որ հանդիսականը որոշի այս կամ այն բեմադրության հանգուցալուծումը: Կամ՝ մինչ մուտքը համերգասրահ՝ հանդիսատեսն արդեն մասնակիցը լինի ներկայացման, չի բացառվում նաեւ, որ բեմադրության գործողությունները ծավալվեն բեմից դուրս, անհավանական վայրերում եւ այլն:

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Լուսինե Դավթյանը՝ «Չարենցական» ներկայացման մեջ (ռեժիսորներ՝ Ա. Հեքեքյան, Ա. Կարապետյան, Գ. Գրիգորյան):

«Առավոտ» օրաթերթ
20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930