Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողության բանաձեւը». «Մի հոդված կարդացի, որն ինձ կյանքի բերեց»

Հունիս 22,2015 12:30

Կարինե Բադալյանը՝ իր հաջողության բանաձեւի մասին

Արդեն 20 տարի է՝ Կարինե Բադալյանը հանրային սննդի սպասարկման ոլորտում է, այսօր նրա ղեկավարած կառույցը դարձել է շատերի սիրելի վայրերից մեկը: Սեփական բիզնեսն առաջ տանելու ճանապարհին շատ դժվարություններ ու հիասթափություններ է ունեցել, բայց մեզ հետ զրույցում մեկ անգամ չէ, որ նշում է, թե շատ գոհ ու բավարարված է իր աշխատանքից, սիրում է այն եւ զգում, որ գնահատված է: Այս անգամ նա է իր հաջողության բանաձեւը «Առավոտի» ընթերցողներին ներկայացնում:

Կարինե Բադալյանը մասնագիտությամբ լեզվաբան է, դասախոսել է համալսարանում եւ եղել է ուսուցչուհի դպրոցում, սակայն կտրուկ անցումը սննդի ոլորտ, պատահական չի եղել. հայրը դիվանագետ էր, ծնողները հիմնականում դրսում էին լինում, իսկ ինքը երբեմն մնում էր տատիկի ու պապիկի մոտ Երեւանում, տատիկն էլ սովորեցրել է խոհանոցային գաղտնիքները, ինչպես ճիշտ վերաբերվել սննդի հետ: Ինքն էլ հիմնականում դրսում է ապրել. կրթություն ստացել Մոսկվայում: Երբ արդեն Հայաստանում էր, ընկերն է նրան առաջարկում համագործակցել բիզնեսի ոլորտում: «Ինձ ասաց, որ բիզնես է ուզում հիմնել, դիմեց, որպես ավելի փորձառու մեկին: Ես երկուսուկես տարի Ամստերդամում էի ապրել. ամուսինս հիվանդ էր, սպասում էինք վիրահատության, եւ այնտեղ ես ստիպված աշխատում էի, որովհետեւ պիտի ուտեինք, ապրեինք, բժշկական ծախսերը հոգայինք: Մի պահ աշխատեցի ռեստորանում, ինձ շատ հետաքրքիր էր այնտեղ ամեն ինչը, ահագին բան սովորեցի, երբեմն էլ փորձում էի իմ կարծիքը հայտնել, կամ ինչ-որ բան պատրաստում էի ու իրենց էի ցույց տալիս, իրենք էլ հավանում էին: Եկա Հայաստան, որպես յուրահատուկ փորձ ունեցող մի մարդ: Սկզբից պարզապես օգնում էի ընկերոջս, որոշ ժամանակ անց նա ինձ առաջարկեց համագործակցել: Այդպես սկսվեց իմ նոր կյանքը բիզնեսում»,- ասում է տիկին Բադալյանը:

«Շատերն ինձ ասում էին, որ խենթություն է նման բիզնես սկսելը. Հայաստանում ոչ մի հայ կին չի գնա՝ սալաթ գնի խանութից. իրենք են սովորաբար կտրտում տան եղածը, սալաթ սարքում: Ինձ համար բիզնես ստեղծելը հիմնված էր մի բանի վրա. տեսնում էի, որ Հայաստանում կանայք շատ ծանր են ապրում. ամբողջովին նվիրված են խոհանոցին, ինքս էլ այդպիսին եմ եղել՝ երեխաների մայր եւ այլն, բայց դա զբաղեցնում է նրանց ամբողջ օրը, այդպես չպետք է լինի, նրանք պետք է երեկոյան իրենց ամուսինների, երեխաների հետ տնից դուրս գան, ավելի շատ ժամանակ իրենց եւ իրենց ընտանիքին նվիրեն…. Դա էր հիմնական իմաստը»,- ասում է Կարինե Բադալյանը:

Թվում էր, թե ամեն ինչ իր ուզածի պես պետք է դասավորվեր, ցանկանում էր առաջ տանել բիզնեսը, մինչեւ այն պահը, երբ ընկերը որոշում է դադարեցնել իրենց նախաձեռնածը: «Մեծ հիասթափություն ապրեցի, երբ բիզնեսում ընկերոջիցս բաժանվեցի: Կոնֆլիկտ չի եղել: Նա մի առավոտ եկավ աշխատանքի եւ ասաց, որ ուզում է խանութը վաճառել»,- ասում է մեր զրուցակիցը եւ նշում, որ այդ ժամանակվանից սկսվեցին դժվար օրեր:

«Հայրս խիստ է եղել՝ պահանջելով իր երեխաներից աշխատասիրություն եւ ուսման մեջ գերազանց առաջադիմություն: Ասում էր՝ ամոթ չէ աշխատելը, ամոթ է նստելն ու սպասելը, թե ով կօգնի քեզ: Մենք այդպես ենք դաստիարակված եղել, ճիշտ է, մեր հայրը այնպիսի մարդ էր, որ թույլ չի տվել, որ երբեք ֆինանսական խնդիր ունենանք, բայց նաեւ թույլ չէր տալիս իր անունից օգտվել, ասում էր՝ դու եղիր Կարինե: Կարծում եմ՝ նա ճիշտ էր: Նրա դաստիարակությունը ինձ թույլ չտվեց կորցնել ինձ, այլ հավաքել ուժերը եւ դիմանալ ամենին»,- ասում է մեր զրուցակիցը: Պատմում է, որ բիզնեսում համագործակցող ընկերոջից բաժանվելուց հետո մեծ պարտքեր է անում, որպեսզի պայքարի, կարողանա խանութը պահել. «Մտածում էի, եթե ես դա չանեմ, նորից ինչ-որ բան չեմ սկսի: Ես ունեմ երկու երեխա, ինչպե՞ս եմ նրանց պահելու, ամուսինս մահացել էր: Շատ ծանր իրավիճակ էր… 3-4 ամիս անքուն գիշերներ էի անցկացնում, ինձ թվում էր, որ ես գիշերը մենակ եմ, ինձ ոչ ոք չի խանգարում, եւ ես պետք է գտնեմ ելք այդ վիճակից, ես պետք է ինչ-որ բան անեմ, պետք է պահեմ խանութը, մարդկանց գրավեմ, ես պետք է… իսկ թե ինչպե՞ս, դեռ չգիտեի: Եվ այդպես մի գիշեր բացում եմ ամսագիրը ու մի հոդված կարդացի, որն ինձ կյանքի բերեց… Ամսագիրը ինքնաթիռից էի վերցրել, զարմացա նրանից, որ հնարավոր բան չէ, ամսագիրը ծայրից ծայր կարդացել էի ինքնաթիռում, ինչպե՞ս է եղել, որ այդ հոդվածը չեմ կարդացել: Չզարմանաք՝ դրա մեջ ինչ-որ նշան տեսա. հոդվածը Նիկոլայ Ռերիխի կինն էր գրել՝ Հնդկաստանում նրանց կյանքի մասին, կարդացի հետեւյալը. «Ես այդ իմաստուն ազգից՝ հնդիկներից, սովորել եմ հետաքրքիր բաներ. ոչ ոք, բացի քեզնից, քեզ երբեք չի օգնի: Պետք է հույս դնել միայն սեփական ուժերիդ վրա, պետք է հավատաս ինքդ քեզ, որ դա քեզ մոտ կստացվի, եւ պետք է շա՛տ հավատաս, պետք է ամեն առավոտ արթնանալիս հասկանաս, որ այսօր եւս մեկ փոքրիկ քայլ ես արել առաջ, երեկոյան քննարկես ու հասկանաս, թե որտեղ ես հասել…»: Տիկին Բադալյանը պատմում է, որ հաջորդ առավոտ նա ներկայացավ իր աշխատողներին եւ ասաց, որ պետք է պայքարեն, նախ փոխեց խանութի դիզայնը, հետո առաջարկվող ծառայությունները եւ սկսեց «շունչ քաշել»:

«Ես եմ իմ ավագ խոհարարը, ամեն ինչով ինքս եմ զբաղվում: Հնարավոր է՝ վարսավիրանոցում նստած լինեմ, մեկ էլ ինչ-որ մի բան ուղեղումս պտտվի, այդ պահին հնարավոր է լեզվիս վրա հետաքրքիր համեր զգամ ու խնդրեմ թուղթ ու գրիչ, որ գրառեմ մտքերս: Խոհանոցից հաճույք եմ ստանում. գալիս եմ աշխատանքի ժամը յոթին, երբ դեռ ոչ ոք չի եկել,- ասում է տիկին Բադալյանը եւ նշում, որ բիզնեսում երբեք չի դադարում վերահսկել, ամեն օր հաշվարկում է իր եկամուտներն ու կորուստները,-բիզնեսում դու պետք է միշտ հաշվարկես. ունե՞ս դու ռեսուրս, թե՞ ոչ: Եթե դու այնքան հարուստ ես, որ քո հաճույքի համար ես աշխատում, այդ դեպքում դու յոթին չպետք է գաս: Ինձ ոչ ոք այս խանութը չի նվիրել՝ իմ հայրը վաղ է մահացել, ամուսինս էլ տասնհինգ տարի առաջ, ես միայնակ եմ ընտանիքս ոտքի կանգնեցրել»: Տիկին Բադալյանն ասում է, որ այժմ ինքը կարողանում է իր չարչարանքի պտուղները քաղել. «Ես անսահման մեծ հաճույք եմ ստանում իմ գործից, ես չեմ հոգնում՝ չնայած շատ շուտ եմ սկսում: Ես ապրում եմ իմ գործով: Հաջողություն էր, որ վերածնվեց խանութս, սկսեցի պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք հաճախորդներն ավելի շատ սիրեցին, խոսում էի այցելուների հետ, հարցնում էի՝ ի՞նչ եք ուզում ուտել, դուք ինձ հուշեք»:

Իր արածի ամենամեծ գնահատանքի մասին Կարինե Բադալյանը պատմում է. «2012 թվականին ես աշխատավայրում էի, ասացին՝ մարդ է եկել մոտս: Մոտենում եմ, երկու կանայք են կանգնած: Իրենք հայերեն էին խոսում, քանի որ ես ռուսական կրթություն ունեմ, լավ չհասկացա սկզբից, ասացի՝ դուք երեւի շփոթվել եք, ես գործարան չունեմ, ասում են՝ այո, չունեք: Հետո կողքից ասացին՝ Կար, դա հայերեն այլ բան է նշանակում: Նրանք եկել էին ինձ հայտնելու, որ ես հարցումների արդյունքում արժանացել եմ «Լավագույն կին գործարար» անվանակարգին: «Գործարար» բառը հասկացել էի՝ գործարան: Ապշել էի, չեմ թաքցնի, որ արագ մի միտք անցավ ուղեղովս՝ իսկապե՞ս ինչ-որ մեկի մտքով անցել է, որ դա եղել է ծանր աշխատանք, հետաքրքիր է… նշանակում է՝ կողքից մեկը նկատել է, որ հեշտ գործ չէ: Դա ներքին երջանկության գագաթնակետն էր եւ, իհարկե, դա նրա պատճառով չէր, որ ստացել էի մրցանակ, դա պայքարի ու հաղթանակի գիտակցումն էր, ութ տարի ես պայքարել էի՝ պարտքերի մեջ խրված: Ինձ թվաց, որ կյանքի դարպասները բացվեցին: Դրանից հետո, իհարկե, բան չփոխվեց, ես նույն Կարան եմ, դա մի պահ էր, որ իմպուլս տվեց ինձ, հասկացա, որ ես չկորցրեցի ինձ կյանքում, որ չնայած մենակ էի, բայց չկորա, ինչ-որ մեկը կողքից լուռ ինձ երեւի հետեւում էր: Ես նրանց հարցրեցի՝ իսկ դա ինչպե՞ս է որոշվել, ինձ ասացին՝ դա արդեն ձեր խնդիրը չէ, դուք չպետք է այդ մասին իմանայիք»,- պատմում է տիկին Բադալյանը եւ նշում, որ դրանից հետո մրցանակները շարունակական դարձան:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930