Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդմիշտ «Եվրատեսիլ»

Հունիս 22,2015 12:00

Մեզանում մի տեսակ մոդա է դարձել «Եվրատեսիլ» կոչվող երգի միջազգային մրցույթի մասին արհամարհական տոնով խոսելը: Ամեն անգամ ասում ու կրկնում ենք, որ չարժե մասնակցել այդ «թեթեւամիտ» ու «անլուրջ» մրցույթին, բայց ամեն անգամ նոր լիցքով ու նոր հույսերով նոր երգիչներ ենք գործուղում տվյալ մրցույթին՝ հույսով, որ այս անգամ ավելի բարձր տեղ կգրավենք: Եվ գրավում ենք: Մեր գրաված չորրորդ տեղերն ու առաջատարների տասնյակում գրեթե մշտապես գտնվելը հաջողություն կարելի է համարել, մանավանդ՝ եթե հաշվի առնենք տվյալ մրցույթի ներկայացուցչականությունն ու տվյալ մրցույթին եվրոպական էստրադայում նշանակալի դեր ունեցող երկրների մշտական մասնակցությունը:

Այս տարի չստացվեց: Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են, եւ չնայած ջանում ենք հարգելի պատճառներ ու նրբացուցիչ հանգամանքներ գտնել, այդուհանդերձ, հիմնական ու գլխավոր պատճառը մեր ներկայացրած երգն էր:

Ինչքան էլ տվյալ մրցույթի մասին արհամարհական արտահայտվենք, եթե մասնակցում ենք, պիտի հնարավորինս արժանապատվորեն մասնակցենք, որովհետեւ առնվազն ծիծաղելի է արհամարհել տվյալ մրցույթն ու գնալ էդ նույն մրցույթում հետին տեղ գրավել:
Ինչքան էլ ասենք ու կրկնենք, որ չի կարելի արվեստն ու քաղաքականությունն իրար խառնել, միեւնույն է՝ չի ստացվում: Հատկապես «Եվրատեսիլի» դեպքում չի ստացվում: Եվ «Եվրատեսիլը» քաղաքականացնողներից մեկն էլ հայերս ենք՝ մեր հաղորդավարներով հանդերձ. եթե մեր հաղորդավարը քվեարկողներին կոչ է անում քվեարկել մե՛ր օգտին, այլ ոչ թե լավագույն երգի, հենց դրանով էլ քաղաքականացնում է տվյալ մրցույթը: Տվյալ դեպքում քաղաքականությունն ու հայրենասիրությունը նույն բանն են:
Գաղափարն իսկապես լավն էր. տարբեր մայրցամաքներից հինգ հայեր միացել ու հինգ հոգով մի երգ էին երգում: Բայց համաձայնեք, որ երգի ժանրում ամենակարեւորը ոչ թե գաղափարն է, այլ գաղափարի իրականացումը: Ձեւավորումն էլ էր հաջող. հինգ մայրցամաքները կային, հինգ մայրցամաքներից ժամանած սիրունատես հինգ երգիչները կային, բայց… երգը չկար. երգը բացակայում էր: Ես, իհարկե, երաժշտագետ չեմ, որպեսզի Արմեն Մարտիրոսյանի գրած ու ներկայացրած երգին սպառիչ գնահատական տամ, բայց համաձայնեք նաեւ, որ «Եվրատեսիլը» ոչ միայն երաժշտագետների համար է, այլեւ հենց ինձ պես սիրողական երգասերների, որոնց տված միավորներով է նաեւ որոշվում տվյալ մրցույթի հաղթողը:

Հինգ մայրցամաքներից ներկայացած հինգ հայ երգիչներից ձեր խոնարհ ծառան միայն Ինգա Արշակյանին է կարգին ճանաչում: Մինչդեռ այլ երկրները ներկայացնող երգիչներն ու երգչուհիներն իրենց երկրներում բավական ճանաչված ու սիրված են: Նախ իրենց հայրենիքում են հաղթում, հետո նոր՝ ուժերը փորձում են «Եվրատեսիլում»: Ինչո՞ւ չենք մեր սիրվածներին ուղարկում, որոնք կարող են ներկայանալ ու մեզ էլ պւատվով ներկայացնել, ընդ որում՝ իրենց իսկ երգով:

Մենք Անուշ ու Ինգա Արշակյաններին սիրում ու գնահատում ենք հիմնականում ազգային երգերի ինքնատիպ կատարման համար, բայց նրանց «Եվրատեսիլում» ներկայացրինք մի երգով, որը բացարձակապես ազգային տարրեր չէր պարունակում: Այլ երկրների երգիչների ելույթները ցույց են տալիս, որ կարելի է անգլերեն երգել՝ ազգային դիմագիծը պահպանելով: Սիրուշոն ու Արամ MP-3-ն էլ պահպանեցին: Դրա համար էլ համեմատաբար բարձր գնահատականի արժանացան:

Եթե մեր հասարակությունն ամենից ավելի Թաթային է սիրում, ինչո՞ւ գոնե մի անգամ հնարավորություն չենք տալիս, որ Թաթան մեր երկիրը ներկայացնի «Եվրատեսիլում»: Եվ եթե Սոնա Շահգելդյանը Յուրմալայում փայլուն հաղթանակ է տանում, ինչո՞ւ «Եվրատեսիլում» էլ իր ուժերը չփորձի: Թե՞ վախենում ենք, որ այնտեղ իր վատ ռուսերենով ու անտաշ հայերենով մեզ ամոթով կթողնի: Ուրիշներն իրենց սատանիստներից ու համասեռամոլներից չեն ամաչում, մենք մեր նորմալներից ամաչո՞ւմ ենք:

Եվ վերջապես՝ ինչո՞ւ մենք «Եվրատեսիլ» չենք ուղարկում Հայաստանում լավագույնը ճանաչված երգչին: Առաջարկում եմ «Եվրատեսիլ» գործուղել տվյալ տարում Հայաստանում լավագույնը ճանաչված երգչին: Նաեւ առաջարկում եմ Հայաստանի լավագույն երգչին որոշելու համար ժողովրդին նույնպես մասնակից դարձնել: Թող ժողովուրդը նույնպես մասնակցի՝ քվեարկելով. ճիշտ այնպես, ինչպես «Եվրատեսիլն» է անում: Եվ թող Հայաստանում հաղթած երգիչն ու երգը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնեն:

Գիտեմ, շատերը կմեղադրեն ինձ՝ ասելով, որ չափից ավելի եմ «Եվրատեսիլին» նշանակություն տալիս: Կհամաձայնեի, եթե մասնակցությունից հրաժարվեինք: Եթե մասնակցում ենք, պարտավոր ենք լուրջ վերաբերվել: Որովհետեւ սա այն դեպքը չէ, երբ կարեւորը մասնակցությունն է: Մենք «Եվրատեսիլում» ավելին ենք, քան սովորական ու շարքային մասնակիցը: Ընդ որում՝ մեր երգերի ու մեր երգիչների շնորհիվ: Այնպես որ՝ այդ մրցույթում միջակ արդյունքները մեզ չեն կարող բավարարել:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930