Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաները չեն դադարում, այսօր այն սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, որտեղ երեկվա հետ համեմատ ավելի շատ մարդ էր հավաքվել: Նկատենք, որ Գյումրու տարբեր բուհերի ճանաչված դասախոսներ եկել եւ միացել էին բողոքի ակցիային:
Այսօր մեծ թիվ էին կազմում նաեւ տնտեսագետները, նրանց կողմից հնչեցին մասնագիտական ելույթներ: Նրանք առաջարկեցին չվճարել հոսանքի դիմաց ու պահանջեցին միջազգային անկախ աուդիտ անցկացնել, որը կստուգի ՀԷՑ-ի գործունեությունը, կհետաքննի այս կառույցի կուտակած պարտքերը:
«Ես պատրաստ եմ մուծելու իմ պարտքերը եւ վերջին տարբերակով պատրաստ եմ մուծելու իմ պետության պարտքերը , բայց անհայտ մասնավոր կազմակերպության պարտքեր ես պատրաստ չեմ մուծել, պարտքեր, որ այսօր փաթաթվել է հայ ազգի վզին: Մենք հրաժարվում ենք մուծել մեր սպառած էլեկտրաէներգիայի վարձը մինչեւ անկախ աուդիտորական կազմակերպություն չի հետաքննի ՀԷՑ-ի տնտեսական գործունեությունը, այն փաթեթը, որ ներկայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, չի ներկայացվի եզրակացություն այս մասին, արդյոք այդ պարտքերը հիմնավո՞ր են, թե՞ չէ»,- իր ելույթում ասաց Տիգրան Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Թատերական հրապարակում գյումրեցիներին միացավ նաեւ Գյումրիից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Նա անկախ աուդիտի հարցը առաջ քաշող տնտեսագետներին ու մյուս մասնակիցներին առաջարկեց պահանջը շարադրել գրավոր, որպեսզի կարողանա այս հարցը բարձրաձայնել Ազգային ժողովում: Պատգամավորը մեկ անգամ եւս շեշտեց, որ ինքը եւս դեմ է հոսանքի թանկացմանը ու պատրաստ է իր ձեռքից եկածն անել բողոքի դուրս եկած քաղաքացիներին օգնելու:
Վերջիններս որոշեցին երթ անցկացնել Գյումրի կենտրոնական փողոցներով, բնակչությանը իրազեկել իրենց որոշման մասին, հորդորել չմուծել ու պահանջել անկախ աուդիտ: Նրանք նաեւ պատրաստել էին թռուցիկներ, որոնց վրա Գյումրու բարբառով գրված էր.«Հոսանքը չ՛բդի թանգնա, իսկ թե ինչղ, հարցրա Թատերական հրապարակում հավաքված չվճարողներից ժամը 18.00-ին»:
Երթը սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, դատախազության շենքի դիմացով անցան դեպի քաղաքապետարան՝ Վարդանանց հրապարակ, այնտեղով էլ ուղեւորվեցին դեպի Շիրակացի փողոց ու 50-ամյա կամրջով դարձյալ գնացին դեպի Թատերական հրապարակ:
Նշենք, որ այս անգամ բողոքավորները իրենց քայլերը համաձայնեցրեցին ոստիկանների հետ:
Ոստիկանները, ձեռք-ձեռքի տալով, պատ կազմեցին, շարժվեցին երթի մասնակիցների մեջտեղով ու ամբողջ ընթացքում ուղեկցեցին նրանց:
Երթի մասնակիցները մեքենաներով ազդանշաններ էին տալիս ու գյումրեցիներին կոչ անում ոչ թե իրենց հետեւել պատշգամբներից, այլ իջնել ու միանալ, քանի որ ոչ մեկը պատրաստ չէ մաշկազերծվելու:
Կանգառներում ու խանութների դիմաց հավաքված մարդիկ ծափահարում էին՝ լսելով կոչերը: Նշենք, որ ոստիկանները ակամա դարձան երթի մասնակիցներ, նրանց պահվածքից զգալի էր, որ երթը նրանցից շատերի սրտով է, որ իրենք էլ դեմ եմ հոսանքի թանկացմանը: Երթի ավարտից հետո բողոքավոր գյումրեցիները հատուկ շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին՝քաղաքակիրթ պահվածքի համար:
Տեսնելով, որ այսօրվա երթին չի մասնակցում Շիրակի փոխոստիկանապետ Վահրամ Ենոգյանը, որը երեկ վիրավորական բառերով դիմել էր տնտեսագետ Կարեն Պետրոսյանին, հավաքվածները կատակում էին, թե ո՞ւր է «ճոխ բառապաշարով» գնդապետը:
Վաղը Գյումրիում կշարունակվի բողոքի ակցիան: Ինչպես հայտարարեցին երիտասարդները, այն տեւական բնույթ է կրելու:
Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ
Ապրեն գյումրեցիները, թող մյուս մարզերի բնակիչները օրինակ վերցնեն:
Շնորհակալությունս ու խորին հարգանքս եմ հայտնում պայքարի ելած բոլոր Հայերին,ովքեր պայքարում են նաև մեր` հանգամանքների բերումով օտար երկրում գտնվողներիս,համար…