Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
Ցուցարարներից մի քանիսը Aravot.am-ին վստահեցրին, որ երկու գիշերներն էլ խաղաղ են անցել: Նրանք նաև ասացին, որ շատ քաղաքացիներ, որոնք ֆիզիկապես չեն կարողանում մասնակցել նստացույցին, իրենց աջակցությունը ցուցաբերում են մասնակիցների համար գլխարկ, հովանոց, ջուր, սուրճ, ուտելիք և անհրաժեշտ այլ պարագաներ բերելով: Կա նաև հանգանակության արկղ, որտեղ հավաքված գումարով սնունդ և գիշերակացի համար անհրաժեշտ իրեր են գնում:
Երբ մենք Ազատության հրապարակում էինք, եկավ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նա ջուր ու միրգ էր բերել նստացույցի մասնակիցների համար. «Ես շատ եմ ոգևորվում այս երիտասարդների վարքագծով, գաղափարներով ու մղումներով,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա.- ցավոք, չեմ կարող նրանց հետ ամբողջ օրը նստել, բայց ուզում եմ զգացմունքներս բերել նրանց ու պաշտպանել հոգով, սրտով, ձեռքերով… ամեն կերպ: Երեկ կարողացա նրանց հետ մնալ մինչև ժամը 23-ը: Ցավոք, ավելի շատ մնալ չեմ կարող»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը գտնում է, որ նստացույցի ելքը երկու բանից է կախված. «Ամեն ինչ կախված է նրանից, թե վաղը ինչքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում և ինչքան մարդ կմասնակցի դեպի Բաղրամյան 26 երթին: Կախված է նաև «վերևների» տրամադրվածությունից:
Ես երեկ կարդացի Ոստիկանության հայտարարությունը և ուժ կիրառելու մասին սպառնալիքը: Իհարկե հասկանում եմ, որ Ոստիկանությունը կարգ ու կանոն հաստատող կառույցն է, բայց կարգ ու կանոն հաստատել չի նշանակում ուժ կիրառել այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, երբ անկարգապահություն չկա: Հետևաբար՝ շատ կուզենայի, որ նրանք զերծ մնային ամեն տեսակ ուժ կիրառելու սպառնալիքներից և կիրառումից, հատկապես վաղը»,- ասաց նա:
Դառնալով այն մարդկանց, որոնք բնականաբար չեն ցանկանում, որ էլեկտրաէներգիան թանկանա, սակայն ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, անգամ թերահավատորեն են վերաբերվում այս նստացույցին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Ափսոս չկա այնպիսի մի մաղ, որով անցկացնեինք մարդկանց: Ովքեր անցնեն, նրանց հոսանքը էժանանա, ովքեր չանցնեն, նրանցն ավելի թանկանա»:
Տիկին Բախշյանն ասում է, որ պայքարողները միշտ էլ ավելի քիչ են լինում, բայց այս դեպքում, եթե հանկարծ նստացույց իրականացնող մեր քաղաքացիների շարժումը չպսակվի հաջողությամբ, թող չպայքարողները չփորձեն իշխանությանը մեղադրել, չփորձեն իշխանությունից ուրիշ բան պահանջել. «Իշխանությունն անընդհատ թանկացնելու է՝ մյուս տարի էլ, էն մյուս տարի էլ… Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի հասկացել, որ պիտի մի բիզ վերցնի ու տակից իշխանությանը ծակծկի, որպեսզի վերջինս հաշվի նստի ներքևից իրեն ծակողի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:
16-ամյա Լիանա Պողոսյանը նստացույցին միացել է առաջին իսկ օրվանից: Նա համոզված է, որ իրենց արածն արդյունք է տալու. «Գնալով հույսս ավելանում է: Մարդկանց օրեցօր աճող թիվն էլ է նպաստում դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիանան: Նրա խոսքով՝ հունիսի 19-ին՝ նստացույցի առաջին օրը, մոտ 232 մարդ է գիշերել Ազատության հրապարակում, իսկ հաջորդ օրն արդեն այդ թիվը կրկնապատկվել է:
Մեր զրուցակցի խոսքով՝ երիտասարդները նաև իրազեկման ակցիաներ են իրականացնում, որպեսզի մարդիկ իմանան՝ իրենք ինչի համար են հավաքվել Ազատության հրապարակում. «Մարդիկ կան, որոնք դրանից հետո միանում են մեզ, մարդիկ էլ կան, որոնք թերահավատորեն են մոտենում այդ ամենին»,- ասաց Լիանան՝ նկատելով, որ իրեն մտահոգում է հատկապես երիտասարդների թերահավատությունը. «Յուրաքանչյուր պետության մեջ երիտասարդն է հզոր ուժը և նրա օգնությամբ պիտի փոխվի ինչ-որ բան: Ես հասկանում եմ, որ մարդիկ ուղղակի կոտրված են, բայց գոնե երիտասարդները չպետք է այդպես մտածեն, չպետք է ամեն մեկն իր հոգսերով մի կողմ քաշվի»,- համոզված է Լիանա Պողոսյանը:
Նա ասաց, որ նախորդ երկու գիշերները չի մնացել նստացույցին, իսկ այսօր մնալու է: Ծնողներին համոզելը մի փոքր դժվար է եղել, բայց հաջողվել է:
Նկատի ունենալով հայկական մտածելակերպը՝ նստացույցին մասնակցող 75-ամյա Քնար տատիկից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես է վերաբերվում գիշերն այստեղ լուսացնող երիտասարդներին, հատկապես աղջիկներին:
«Ես այս դեպքում շատ եմ հարգում նրանց, նրանց՝ տուն չգնալը, որովհետև նրանք մեզ համար են պայքարում,- պատասխանեց Քնար տատիկը,- ուղղակի հիանում եմ մեր երիտասարդությամբ: Այնքան խելացի ու պայքարող երիտասարդներ ունենք, որոնց առջև խոնարհվել է պետք: Սիրտս շատ է ցավում նրանց համար. մենք գոնե կյանք ենք տեսել, իսկ նրա՞նք ինչ են տեսել: Ոչ մի բան»:
Չնայած տարիքին՝ Քնար տատիկը նախորդ երկու գիշերներն այստեղ է անցկացրել և ասաց, որ այս գիշեր էլ է մնալու. «Եթե համախմբվենք, ամեն ինչ էլ կարող ենք փոխել»,- հավատացրեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ