Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր առավոտյան երկրորդ անգամ կրակագիծ մտավ մեր 18-ամյա պատանի Հրաչիկ Բաբայանը: Նա հանդես եկավ 50 մետր օդամուղ հրացանով եռամարտում՝ 40-ական կրակոց ծնկած, պառկած եւ կանգնած դիրքերում: Առաջին վարժությունում մեր մարզիկը վաստակեց 373 միավոր, երկրորդում՝ 390, երրորդում՝ 368, վերջնահաշվարկում՝ 1131 միավոր եւ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Նա չմտավ եզրափակիչ:
Նախկինի պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը երրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների ներկայացուցչական մրցաշարի: Առաջինն այս տարվա աշխարհի գավաթի խաղարկությունն էր, որտեղ նա գրավեց 21-րդ տեղը, երկրորդը՝ մի քանի օր առաջ Բաքվում, որտեղ 10 մետր օդամուղ հրացան մրցաձեւի որակավորման փուլում սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ՝ առաջին տեղով մտավ եզրափակիչ: Այստեղ էլ Հրաչը մինչեւ 10-րդ կրակոցը առաջատարն էր, սակայն պայքարի լարվածությունից նրա նյարդերը տեղի էին տվել ու ի վերջո զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կարեն Գիլոյանի