Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ռոուզ-Ռոթը» մասնակիցների առումով աննախադեպ էր

Հունիս 20,2015 21:21

Հունիսի 20-ին Երեւանում ավարտվեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ  «Ռոուզ-Ռոթ» սեմինարը: «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագիրն ունեցող սեմինարի ընթացքում տեղի ունեցավ 8 նիստ: Սեմինարին մասնակցում էին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունները, դիտորդներ: Սեմինարին ներկա էին նաեւ դիտորդներ Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան բացակայում էին:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում ասաց, որ սեմինարի ընթացքում հայկական պատվիրակությունն իր նպատակներին հասել է. «Երկու տարիների ընթացքում որպես պատգամավոր ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Վրաստան այցելելով հասկանալի էր, որ պատվիրակներն Հայաստանի մասին ճիշտ տեղեկություններ ստանալու մեծ բաց ունեն: Պետք է ասել՝ այդ իմաստով ինչ խնդիր մենք մեր առջեւ դրել ենք, կարողացել ենք հասնել՝  ոչ միայն պետական մարմինները խոսեն, այլ նաեւ փորձագիտական համայնքը, նաեւ ընդդիմադիր տեսակետները լսեն եւ դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենց ցանկացած հարցերը բարձրացնեն, ստանան պատասխանները: Այդ իմաստով՝ վստահ եմ, որ նրանք կհեռանան ոչ միայն Հայաստանը հիշելով, այլեւ տարածաշրջանի մասին շատ մեծ տեղեկատվական բազայի փոփոխված իմաստով, որովհետեւ այն, ինչ իրենք տիրապետում էին մինչեւ հիմա, ինձ թվում է, այն չէ»:

Նա նշեց, որ սեմինարն աննախադեպ էր իր մասնակիցների քանակով. ո՛չ Վրաստան, ո՛չ Ադրբեջան արտերկրից այդքան պատգամավոր չէր գնացել: Երեւան արտերկրից մոտ 60 պատվիրակ էր եկել մասնակցելու սեմինարին, իսկ ընդհանուր մասնակիցների թիվը 160 է. «Ե՛վ աշխարհագրության իմաստով, ե՛ւ մասնակիցների իմաստով ինքն աննախադեպ էր: Այն խնդրին, որ մեր առջեւ էինք դրել, որ այդ թեմաներից խոսեինք, որ ոչ միայն լինեն հայկական եւ Հայաստանի խնդիրները, այլ նաեւ լինեն տարածաշրջանային խնդիրները, միջազգային մարտահրավերների հարցը, հասել ենք»:

Պատգամավորը նկատեց՝ երբ որ սեմինարը անցկացվում էր Վրաստանում, խոսում էին վրացական մոտեցումների, իրենց կոնֆլիկտների մասին, Բաքվում «պատերազմներ էին գնում», իսկ Երեւանում պատվիրակները կարողացան հանգիստ խոսել իրավիճակից. «Այստեղ ոչ մեկ չէր ճվճվում, թուղթ չէր թափ տալիս, ոչ մեկին չէր խոստանում, որ վաղը կսպանի: Իրենք կարող էին այդ հարցերը ազատ տալ եւ ստանալ պատասխաններ: Այդ իմաստով՝ մենք կարողացել ենք մեր առջեւ դրած խնդիրը լուծել»:

Թեւան Պողոսյանը հավելեց, որ պատվիրակները 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում այցելել են Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Կոնյակի գործարան. «Ծիծեռնակաբերդում բոլորն իրենց պարտքը համարեցին գրքում ստորագրություններ դնել, որովհետեւ շատ ժամանակ, երբ որ գնում են այդպիսի տեղ չեն իմանում: Երբ որ գնացին, տեսան, ցուցահանդեսը տեսան, ամեն ինչը լսեցին իրենց աչքերից զգացվում էր, որ իսկապես ներքին վերապրումները եւ փոփոխությունները ունեն: Այդ իմաստով էլ կարողացանք ներկայացնել Հայաստանը»:

Հաջորդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը Երեւանում տեղի կունենա 2020 թվականին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930