Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանում հացահատիկի բերքահավաք է

Հունիս 20,2015 17:45

Քաշաթաղի շրջանն իր բնակլիմայական պայմաններով հնարավորություն ունի մեծ քանակությամբ բնամթերք արտադրել: Բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերին ու պտղատու այգիներին զուգահեռ, շրջանի անջրդի սարահարթերում հնարավոր է 20000 հեկտարից ավելի հացահատիկի՝ գարու, ցորենի և հաճարի, ցանքս կատարել:

2014թ. աշնանը և 2015 թ. գարնանը ընդհանուր կատարվել է 13653հա հացահատիկի(4547հա ցորեն, 7230հա գարի և 1876հա հաճար) ցանքս 32 համայնքներում և պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում: 3987հա ցորեն, 4440հա գարի և 1226հա հաճար(ընդհանուր՝ 9653հա) ցանել են համայնքներում, իսկ ՊՊՖ տարածքներում կատարվել է 560հա ցորենի, 2790հա գարու և 650հա հաճարի ցանքս: Համայնքներից ամենաշատ ցանքս՝ 951հա(800հա ցորեն, 150հա գարի, 1հա հաճար) կատարել են Կովսականի քաղաքային համայնքի հողատարածքներում, երկրորդ տեղում 900 հեկտարով (400հա ցորեն, 350հա գարի, 150հա հաճար) Ծաղկաբերդի գյուղական համայնքն է: Հայկազյանի գյուղական համայնքը, որի ցանքատարածքները փռված են Որոտան գետի ավազանում, կատարել են 640հա ցանքս, որից ցորեն՝ 250հա, գարի՝ 240հա, հաճար՝ 150հա: Հյուսիսային թևում հացահատիկի ցանքս հիմնականում կատարվում է գարնանը՝ Լեռնահովիտում(150հա հաճար), Հակում(120հա հաճար, 10հա գարի) և Մոշաթաղում(140հա հաճար), իսկ միջին գոտում գտնվող Աղավնոյի գյուղական համայնքում ընդհանուր կատարվել է 352հա ցանքս, որից ցորեն՝ 160հա, գարի՝ 150հա և հաճար՝ 42հա: Ինչպես ամեն տարի, 2015-ին նույնպես առաջինր՝ մայիսի 31-ին, բերքահավաքն սկսվեց արաքսամերձ հողատարածքներում, որտեղ հիմնականում գարի է մշակվում: Հացահատիկի բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու նպատակով մայիսի կեսերից շրջանի Իշխանաձոր համայնքում ստեղծվել է հակահրդեհային օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն խաչատրյանը: Շտաբի ենթակայությամբ ցանքատարածքներում՝ Թովմասարում, Կովսականի և Որոտանի սարահարթերում, գործում են հակահրդեհային հենակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում համայնքների հրշեջ-կամավորների ջոկատները(15-20 մարդ), Հրշեջ բաժնի, ոստիկանության, ԱԱԾ բաժանմունքի աշխատակիցները, գյուղոլորտի ներկայացուցիչները: Հունիսի 19-ի դրությամբ, ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի, շրջանում ընդամենը հնձվել է 2725հա հացահատիկային մշակաբույս, որից գարի՝ 2710հա, ցորեն՝ 15հա: Միջին բերքատվությունը կազմել է 33ց/հա. ստացվել է 89960տ բերք:  Գարու բերքատվությունը կազմել է 33ց/հա. ամբարվել է 89.510ց բերք: Ցորենի միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է 30ց, ստացվել է 45տ բերք: Ցանքատարածքներում աշխատում են 52 կոմբայն: Հունիսի 18-ին հունձը հիմնականում կատարվել է 12 համայնքային և ՊՊՖ հողատարածքներում: Մեկ օրվա ընթացքում հնձվել է 362հա ցանքատարածք՝ միջինը 26,7ց/հա բերքատվությամբ:  Ցորեն հնձվել է միայն Կովսականի սարահարթում՝ 15հա: Գարու ամենաբարձր ցուցանիշ՝ հեկտարից 40 ց, ստացվել է Միջնավանի քաղաքային համայնքի արաքսամերձ հարթությունում. հնձվել է 8հա, ստացվել է 32տ բերք: Համայնքներից ամենաշատ հունձ հունիսի 18-ին կատարվել է Իշխանաձորի հողատարածքներում, որոնք ընկած են Թովմասարում. 30 հեկտարից ստացվել է 90տ բերք(30ց/հա բերքատվություն): Պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում նշված օրը կատարվել է 200հա գարու հունձ՝ 25ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 500տ գարի: Ուռեկանի գյուղական համայնքի ցանքատարածքներում հնձվել է ընդամենը 4հա գարի՝ 30ց/հա բերքատվությամբ:

Այստեղ հնձի հիմնական աշխատանքները կսկսվեն մի քանի օրից: Հունիսի կեսերին բռնկված հրդեհները տարածաշրջանում ահազանգ են, որ հնարավորինս շուտ պետք է կատարվի հունձը, զուգահեռ՝ չդադարեցվեն  նաև հակահրդեհային անվտանգության միջոցառումները: Ցանքատարածքների շուրջը դարձյալ հերկ է արվում՝ լայն չափերով: Հնձի և անվտանգության աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ բարձրացանք Թովմասար: Արդեն երեկո էր. կոմբայնավարներն ավարտել էին աշխատանքը և հանգստանում էին հակահրդեհային հենակետում: Զրուցում ենք. չնայած երիտասարդ են, բայց արդեն լավ վարպետներ են: Էդիկ Փարսյանին երկրորդ անգամ եմ հանդիպում. հնձի առաջին օրվանից տարածքում է և չնայած հոգնածությանը՝ այստեղ կմնա մինչև ավարտվի բերքահավաքը: Ֆելիքս Օհանյանը, Արթուր Առուշանյանը և Հարութ Աղաբեկյանը, ինչպես Էդիկը, Սյունիքի մարզից են և մասնակցում են հացահատիկի բերքահավաքին: Նրանք նույնպես վստահեցրին, որ կաշխատեն մինչև հնձի ավարտը: Տղաների մասին գովեստով խոսեց գյուղվարչության պետը: Շարժվում ենք առաջ. արտեզրերը հերկելուց են վերադառնում մի քանի «Կիրովեց» տրակտոր: Թովմասարի միակ աղբյուրի(Պաղ աղբյուր) մոտ էին մի քանի բեռնատարներ, որոնք առավոտյան բերքը պետք է պահեստ հասցնեն: Զրուցում եմ «Կիրովեց»-ի վարորդ Լեոնիդ Ալեքսանյանի հետ, ով արդեն 4-րդ օրն է, ինչ նույնպես արտեզրյա հերկ է կատարում: Եկել է Խնձորեսկ գյուղից. պարզվեց՝ իր մեքենայով օր առաջ նա էլ էր պայքարում հրդեհի դեմ, որը քիչ մնաց հրո ճարակ դարձներ ողջ տարածքը, եթե չլիներ միասնաբար պայքարը կրակի դեմ՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարությամբ, գյուղնախարարի, ՓՊԾ տնօրենի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և շրջանի տարբեր համայնքների հրշեջ-կամավորականների, զինվորների, ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցների, հրշեջ-փրկարական ջոկատների մասնակցությամբ: Լեոնիդը նույնպես այստեղ կմնա՝ իր մեքենայով: Հունձը շարունակվում է մեծ ծավալով:

Հացահատիկ արտադրողներն աշխատում են օր առաջ ավարտել բերքահավաքը՝ հատկապես դասեր առնելով 3-4 օր անընդհատ կրկնվող հրդեհներից, որոնք կրակի բաժին դարձրեցին 20-ից ավելի հեկտար ցանքատարածքներ: Իշխանաձորից վերադարձա հացահատիկը տեղափոխող բեռնատարով: Վարորդը՝ Գևորգ Մանուչարյանը, Կոռնիձոր գյուղից է, գոհ է իր աշխատանքից: Դժգոհելու տեղիք էին տալիս ճանապարհները. մեր առջևից գնացող ավելի մեծ բեռնատարը, մի քանի անգամ  հետուառաջ անելով, հազիվ կարողացավ թեքության վրա գտնվող փոսն անցնել:

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930