Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյան. Շանթ Հարությունյանի հայտարարությունը զրպարտություն է և հարված պետության հեղինակությանը. Armenpress.am

Հունիս 20,2015 16:56

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի` նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում, զրպարտություն է և հարված ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որում անդրադարձ է կատարվել նաև Շանթ Հարությունյանի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ցանկությանը:

Պարոն Հակոբյան, վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվում է 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ով իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում՝ դրանցում մեղադրելով  ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին:

-Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը:

Շանթ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին մեղադրում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:

-Սա տարածված և պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալը արդեն մի քանի անգամ դիմել է:  Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին»: Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնելու իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնելու իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների : Պատկերացրեք՝ ով է բանտարկյալը, որ նրա գոյությունը «վտանգ է ներկայացնում» ՀՀ ԱԱԾ-ի համար, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը սպառնում է կազմակերպել նրա ֆիզիկական ոչնչացման օպերացիան: Սա անհեթեթ բարբաջանք է, հիվանդ երևակայության արգասիք և կրկնում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձ: Վստահ եմ՝ այս «հնարքը» հակառակ ազդեցություն ունեցավ. բացահայտեց նրա իրական էությունը և նպատակները: Ընդհանրապես, նման պահվածքը պետք է ազդանշան լինի թե՛ իր համակիրների և թե ՛ լայն հասարակայնության համար: Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը, պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակությունը: Միաժամանակ ինձ համար տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ նման անհեթեթ հայտարարությունները չափազանց մեծ ուշադրության են արժանացնում՝ ակամայից ջուր լցնելով ՀՀ անվտանգության հիմքերը պաշտպանող պետական կարևորագույն կառույցներից մեկը վարկաբեկելու փորձ կատարողների ջրաղացին:

Ձեր խոսքում նշեցիք, որ Շանթ Հարությունյանն առաջին անգամը չէ, որ նմանատիպ հայտարարություններով է հանդես գալիս:

-Այո, 2013 թվականից ի վեր նա մի քանի անգամ հայտարարություններ է ներկայացրել իր անձի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Սկզբում դիմումներ էր հղում Արզուման Հարությունյանին՝ նրանից անձնական երաշխիքներ պահանջելով իր և որդու կյանքի անվտանգության համար: Այնուհետև անցավ մեղադրանքների՝ հայտարարելով, որ Արզուման Հարությունյանը կատարում է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների առաջադրանքները, ըստ էության, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալին մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Ընդ որում, ամեն անգամ նրա հրաժարվում էր որևէ բացատրություն և որևէ տեղեկատվություն տրամադրել իր մեղադրանքները հիմնավորելու համար: Մի որոշ ժամանակ լռեց և տպավորություն ստեղծվեց, որ գիտակցել է իր վարքագծի անհեթեթությունը: Բայց սա սոսկ ժամանակավոր դադար էր:

Ցանկանում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր անգամ ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության, ԱԱԾ մարմինների կողմից ստուգումներ են իրականացվել, որոնք չեն հայտնաբերել նման սպառնալիքների իրական հիմքեր: Նման հայտարարությունների հաճախականությունը տպավորություն է ստեղծում, որ նա տառապում է հետապնդման մոլուցքով:

Այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանն իր անձին սպառնացող վտանգը վերացած չի համարում և հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Նման հանդիպումների համար չկան առաջին հերթին իրավական հիմքեր: Կալանավորի հայտարարությունները նման մակարդակի հանդիպումների պատրվակ չեն կարող լինել: Անձի անվտանգության սպառնալիքների քննությամբ զբաղվում են համապատասխան ստորաբաժանումները: Համոզված եմ, որ բանտարկյալն ինքը քաջ գիտակցում է այս իրողությունը, և նշյալ պահանջը սոսկ սեփական անձի շուրջ առաջացած աղմուկը պահպանելու հերթական հնարք է, և միգուցե չի ընկալում, որ նման անհեթեթ հայտարարությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930