Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքմաջյանն առաջինը շնորհավորեց Մարուխյանին (Տեսանյութ)

Հունիս 20,2015 15:30

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բուհի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն էին: Ոստանիկ Մարուխյանից բացի, բուհի ռեկտորի պաշտոնը ստանձնելու հայտ էր ներկայացրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

Խորհրդի 32 անդամներն էլ մասնակցել են փակ, գաղտնի քվեարկությանը: Քվեաթերթիկներից մեկն է համարվել անվավեր: Ոստանիկ Մարուխյանին կողմ է քվեարկել 19, Հովհաննես Թոքմաջյանին՝ 11 անդամ:

Նորընտիր ռեկտորին ամբիոնից առաջինը շնորհավորեց Հովհաննես Թոքմաջյանը և ցանկացավ, որ նա կարողանա Պոլիտեխնիկում իրականացնել իր առաքելությունը. «Ես արել եմ այնքան, որքան կարողացել եմ»,- հավելեց նա:

Ոստանիկ Մարուխյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց խորհրդի բոլոր անդամներին և իր մրցակցին. «Շատ շնորհակալ եմ, պարոն Թոքմաջյան, որ մենք լուռ պահպանեցինք մրցակցային գործընթացի պայմանները և շնորհակալ եմ, որ Դուք առաջինը ինձ շնորհավորեցիք: Տա Աստված, որ այն, ինչ փորձում ենք իրականացնել, իրականացնենք միասին և այս հաստատության սահմաններում: Պոլիտեխնիկը մեր տունն է: Մենք այդ տան զավակներն ենք, եկեք պահպանենք այդ տունը, զարգացնենք, կառուցենք նորը, ավելի լավը, ավելի գեղեցիկը: Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք սատարենք այդ ապագային»,- ամփոփեց նորընտիր ռեկտորը:

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստը վարում էր խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: Նիստն սկզբում՝ մինչ ընտրությունները, մի փոքր ավելի լարված մթնոլորտում էր ընթանում:

Բանն այն է, որ Սամվել Միկոյանի կողքին նստած էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ հանգամանքը դուր չեկավ խորհրդի անդամներից մի քանիսին, և նրանք առաջարկեցին նախարարին թողնել նախագահությունը և տեղ զբաղեցնել դահլիճում՝ իրենց շարքերում: Ի պատասխան՝ Սամվել Նիկոյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը բոլոր համալսարանների նիստերում էլ նստում է նախագահությունում: «Եթե որևէ մեկին հրավիրում եմ նստել այստեղ, ես դա քննարկման թեմա չեմ դարձնում»,- ընդգծեց նա: Խորհրդի անդամներից մեկն արձագանքեց, որ նախարարի՝ այդտեղ նստելն ավելորդ ճնշում է իրենց և նիստը նախագահողի վրա. «Նախարարի՝ այդտեղ նստելը միմիայն մեր վրա ճնշում գործադրելու համար է, ձեր վրա էլ են ճնշում գործադրում»,- նշեց նա:

«Մենք էլ, դուք էլ ճնշվողը չենք»,- եղավ Նիկոյանի պատասխանը: Իսկ խորհրդի անդամը շարունակեց. «Ավելորդ լարվածություն մի ստեղծեք: Մենք համաձայն ենք, որ դուք նախարար եք»:

Նախարարը ոչինչ չպատասխանեց, բայց և տեղից էլ չշարժվեց:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930